Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի»՝ Բերդ համայնքի մարզական ակումբների սաները մրցաշարից վերադարձել են հաղթանակով


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ  հոկտեմբերի 9-ին Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի»՝ Բերդ համայնքում գործող մարզական ակումբների սաների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Սեպտեմբերի 28-ին համայնքում գործող մարզական ակումբների 31 մարզիկներ մասնակցել են Էջմիածնի  Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցում կայացած «Selection 62» մրցաշարին: Պատանի մարզիկները վերադարձել են տպավորիչ ձեռքբերումներով. նրանցից 20-ը մրցաշարում զբաղեցրել է 1-ին, 11-ը՝ 2-րդ պատվավոր հորիզոնականները:

«Երբ դիտեցի մեր տղաների ցուցադրական ելույթները, հրճվանք ու հպարտություն ապրեցի, որ համայնքում ունենք նման երիտասարդներ: Մեր մարզիկները բարձր են պահել համայնքի անունը՝ շնորհիվ իրենց աշխատասիրության և ի պատիվ մարզիչ Համլետ Աթոյանի: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանին, ով այս կարևոր գործի անմիջապես ակունքներում է եղել: Հայկ Ղուկասյանի գործունեությունը հայրենասիրական է, քանի որ նրա կատարած աշխատանքը, նվիրումը չեն տեղավորվում աշխատանքային պարտականությունների շրջանակում:  Երախտագիտությունս եմ հայտնում «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» ՝ Բերդի տարածաշրջանի մարզիչ Համլետ Աթոյանին, գործարար Վահագն Թումանյանին  և բոլոր այն մարդկանց, որոնք ներդրում են ունեցել համայնքում այս մարզաձևի զարգացման գործում: Շնորհակալություն նաև Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան աշխատակազմին»,- իր ելույթում նշեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

«Selection 62» մրցաշարի մասնակից մարզիկների պարգևները հանձնեցին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արկադի Յամուկյանը, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը:

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը շնորհակալագրեր հանձնեց «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» ՝ Բերդի տարածաշրջանի մարզիչ Համլետ Աթոյանին՝ տարածաշրջանում մարզաձևի զարգացման գործում ունեցած ավանդի և «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի»  պատվավոր անդամ,  գործարար Վահագն Թումանյանին՝ մարզաձևի զարգացման, ակուբի սաներին աջակցելու գործում անմիջական մասնակցության համար:

«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան» Բերդ համայնքում գործում է արդեն 3 տարի: Այդ ժամանակահատվածում պատանի մարզիկները բազում ձեռքբերումներ են գրանցել:

Ինչպես տեղեկացրեց «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» ՝ Բերդի տարածաշրջանի մարզիչ Համլետ Աթոյանը, համայնքի մարզական ակումբներում մարզվում է 200-ից ավելի երեխա:

 

Հրապարակվել է։ 07:37 10/10/2019