CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանում տուլարեմիայի, անհրաժեշտ պատվաստումների եւ ստոմատոլոգիական անվճար ծառայությունների մասին


2018թ. դեկտեմբերին եւ 2019թ.  հունվարին Նոյեմբերյան քաղաքում տուլարեմիա հիվանդությամբ հիվանդացել են  կին եւ մի  երեխա:  Նրանք քաղաքի ծայրամասում գտնվող «Ծլլան» թաղամասի բնակիչներ են: Տուլարեմիան   ծանր ինֆեկցիոն հիվանդություն է, որն ընթանում է հիմնականում տենդով եւ  ավշահանգույցների ախտահարումով:  Այդ հիվանդությունը տարածվում է  կրծողների միջոցով: Մարդը վարակվում է հիվանդ կենդանիների, դրանց արտաթորանքով աղտոտված հացահատիկի, խոտի, ծղոտի հետ շփվելուց, ջուրն օգտագործելուց, ջրամբարներում լողալուց, հիվանդ նապաստակների, ճագարների անբավարար ջերմային մշակման ենթարկված միսն օգտագործելուց, ինչպես նաեւ`  այդ  հիվանդությունից սատկած կենդանիների հետ ուղղակի շփումից ։ Այս տարվա հունվարի 25-ից, ամեն չորեքշաբթի եւշաբաթ օրերին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում տուլարեմիա հիվանդության դեմ բնակիչների զանգվածային պատվաստումներ են արվում: Բժշկական կենտրոնի տնօրինությունը դիմել է Նոյեմբերյանի բնակչությանը,որպեսզի նրանք այդ հիվանդության դեմ պատվաստումների ենթարկվեն: Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը հայտնեց, որ  այդ հիվանդությամբ վարակված երկու անձանց առողջությանը վտանգ չի սպառնում, նրանք այժմ գտնվում են իրենց տներում: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2019թ. հունվարի 29-ի «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման եւ պատվաստումային տարիքի ընդլանման մասին»  N194-Ա հրամանի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ»  ՓԲԸ-ում իրականացվում են 14-45 տարիքի անձանց(կին, տղամարդ) շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի(ՄՊՎ) դեմ պատվաստումներ:  ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն անհրաժեշտ են, քանի որ դրանք զգալիորեն նվազեցնում են արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այն փոխանցվում է սերտ շփման միջոցով, այդ թվում՝ սեռական ճանապարհով:  Պատվաստվել ցանկացողները յուրաքանչյուր աշխատանքային օր  կարող են դիմել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Կենտրոնի  տնօրեն Գարունիկ Ղուշչյանը  բնակիչներին կոչ  է անում նշված  պատվաստումների ենթարկվել, նաեւ՝  օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական  բժշկական օգնության ծառայություններից:  Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված, 30.01 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները անվճար օգտվում են  հետեւյալ ծառայություններից՝ ատամի հեռացում, պուլպիտի բուժում, պերիօդոնտի բուժում,կարիեսի բուժում,լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում եւ վերանորոգում(յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ): Նշված ստոմատոլոգիական  բժշկական օգնության ծառայություններից անվճար օգտվում են նաեւ ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N328-Ն որոշման N1 հավելվածում ընդգրկվածները՝ 1)1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 2)մինչեւ 7 տարեկան երեխաները, 3)մինչեւ 18 տարեկան սոցիալապես անապահով եւ առանձին(հատուկ) խմբերում ընդգրկված երեխաները, 4) նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք: Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով  բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու  իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով առանձին(հատուկ) խմբեր անվճար օգտվում են ատամի հեռացման ծառայությունից, իսկ մյուս ծառայություններից ՝ արտոնյալ պայմաններով: Արտոնյալ պայմաններով մատուցվող   ստոմատոլոգիական ծառայությունների պետության մասնակցության մասը կազմում է  ընդհանուր գնի 65 տոկոսը, իսկ շահառուինը՝ 35 տոկոսը

Հրապարակվել է։ 16:14 18/03/2019