Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի անտառտնտեսության լավ գործերը


Նոյեմբերյանի  անտառտնտեսությունում այս  տարի  նախատեսված է  60 հազար հատ ծառի տնկում։ Դրանք տնկվում  են հեռավոր, դժվարամատչելի Մասրուտ, Շմորթ եւ այլ   տարածքներում, ընդհանուր 20 հեկտար տարածքում։ Տնկվում են  հիմնականում կաղնի, նաեւ հացենի, թխկի, տանձենի, խնձորենի ծառատեսակներ։  «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ  նախատեսված ծառատունկի  20 հեկտար տարածքից արդեն 14 հեկտարում  ծառատունկ է արված, մնացածը կարվի առաջիկա օրերին։ Ծառատունկին մասնակցում են Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի  բնակիչները, ովքեր  վարձատրվում  են գործարքային  ձեւով, իրենց տնկած ծառերի թվին համապատասխան։ Բացի այդ,  250 հեկտար  տարածքում նախապատրաստված հարթակներում  կատարվում է բնական վերաճ։ Դրա համար աշնան տերեւաթափից  հավաքված տերեւները հեռացվում են ծառի տակից,  փորվում են հարթակներ, ուր ընկնող ծառի սերմերը բնական վերաճ են տալիս։ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը թափուկ վառելափայտի միջոցով լուծել է  Նոյեմբերյան քաղաքի եւ սահմանամերձ  տարածաշրջանի  անտառամերձ  14 գյուղերի ընտանիքներին 8-ական խորանարդ մետր  թափուկ վառելափայտի հատկացման խնդիրը։ Թափուկը  պատրաստվում է բնակիչների կողմից, ինքնապատրաստմամբ։   Նոյեմբերյանի անտառտնտեսությունը նաեւ կատարում է բնակիչներին անտառտնտեսության  վերին , ներքին  պահեստներից եւ ծառերի հատատեղից վառելափայտի վաճառք։ Գների տարբերությունը կախված է այն բանից, թե  ծառերը անտառից դուրս բերելուց, վառելափայտը  կտրելուց, պատրաստելուց  հետո որ տեղանքում  են դրանք հանձնվում  գնորդին։ Այդ պատճառով գները տարբեր են , ծառերի հատատեղում վառելափայտի  մեկ խորանարդ մետրի գինը 13 հազար 320 դրամ է, վերին պահեստում՝16 հազար 200, իսկ ներքին պահեստում՝ 21 600 դրամ ։ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը  նաեւ իրականացնում է  տախտակի վաճառք, մեկ խորանարդ մետրի գինը  շուրջ 81 հազար դրամ է, անտառտնտեսությունը ունի պահեստավորված  30 խորանարդ մետր տախտակ։ Այս տարի պլանով նախատեսված է 300 խորանարդ մետր գերանի պատրաստում եւ իրացում։ Արցախյան պատերազմը իր կնիքն է թողել անտառտնտեսության աշխատանքի վրա։ Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Գիգոլ Խասիկյանը հայտնեց, որ  անտաոի թափուկների հաշվին  իրենք  ապահովել են  առաջնագիծ գնացող զինծառայողների ռեզերվի համար անտառային կացարանների  շուրջ 80 կրակարաններին թափուկով ապահովելու հարցը, նաեւ անհաժեշտ  շինանյութ  են տրամադրել՝ զինծառայողների համար ժամանակավոր կացարաններ ստեղծելու համար։ Գիգոլ Խասիկյանը իր անձնական «Նիվա» մակնիշի  ավտոմեքենան նվիրաբերել է Արցախի  առաջնագիծ մեկնող ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներին , իրեն  պատկանող  հոտից 5 ոչխար  , նաեւ  սննդամմերք նվիրել մոբլիզացված զինծառայողների սննդի կարիքները հոգալու համար։

 


Հրապարակվել է։ 13:21 17/11/2020