Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Թափանցիկ» մարզպետարանը եւ «աշխատանքում թերացող » լրագրողը

Նոր իմացանք, որ դեռեւս սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում մեր վերաբերյալ   տեղեկատվություն է զետեղվել։  Հույս ենք հայտնում,որ  Տավուշի մարզպետարանը միշտ թափանցիկ կաշխատի, ժամանակին եւ ըստ էության կպատասխանի  տեղեկատվական մեր  հարցումներին, Ստորեւ ներկայացնում ենք  մարզպետարանի վերոհիշյալ  գրառումը

«Լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ ԿԱՐԵՒՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՃՇՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ զանգահարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, եւ որ մարզպետը զանգին չի պատասխանել։ “Կարծում եմ, որ հեղափոխական քամիները երկար չեն սուրա, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի”,-այսպիսի բազմանշանակ ու խորիմաստ նախադասությամբ է ավարտել լրագրողն իր գրառումը։

Ի գիտություն պարոն Սարգսյանի եւ բոլոր քաղաքացիների՝ հայտնում ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այդ պահին մասնակցելիս է եղել Պաշտպանության նախարարությունում հրավիրված խորհրդակցության։

Լրագրող Ոսկան Սարգսյանը, ով միակողմանի եւ ոչ հավասարակշռված տեղեկատվություն տարածողի համբավ ունի, սեւեռվում է մեկ-երկու պաշտոնյայի գործունեության ուղղությամբ, շատ պատահականորեն մեկին ներկայացնելով բացասական, մյուսին՝ դրական լույսի ներքո, եւ այդպես՝ բոլոր ժամանակներում, ըստ էության թերացել է իր պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս։
Լրագրողը հնարավորություն ուներ օգտվելու ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով իրեն տրված՝ բանավոր կամ գրավոր հարցումներ անելու իրավունքից, ինչը չի արել։ Ավելին, պարոն Սարգսյանը լիարժեք հնարավորություն ուներ կապ հաստատելու մարզպետի մամլո խոսնակի կամ մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների հետ, փորձել ցանկացած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում ստանալ, ճշտել՝ ե՞րբ հնարավոր կլինի մարզպետի հետ ուղիղ կապ հաստատել, կամ տեղեկանալ, որ մարզպետը խորհրդակցության է մասնակցում, չշտապելով ենթադրություններ անել։

Խմբագրություններում գրված կամ չգրված սկզբունքներ կան։ Խմբագիրներն օրինակ չեն ընդունում, երբ լրագրողը տեղեկատվությունը ճշտելու եւ լսարանին փոխանցելու գործում թերանում եւ այդ թերացումը պատճառաբանում է նրանով, որ այս կամ այն պաշտոնյան, ումից հարկավոր էր տեղեկատվություն ճշտել, «տեղում չէր», «զանգերին չէր պատասխանում» եւ այլն։ Որեւէ լրագրողի համար պետք է սկզբունքորեն կարեւոր լինի ոչ թե չճշտելու, չհաջողելու մասին գրառումներ անել, այլ՝ ճշտել, պարզել, հետազոտել, լսարանին փոխանցել կոնկրետ տեղեկատվութուն։ Սա լրագրության այբուբենի մասին է։ Պարոն Սարգսյանի դեպքում՝ զանգել եւ պատասխան չստանալով հեշտ հանձնվելը, անգամ ամենաանսկզբունքային եւ թույլ խմբագրի կողմից կարող էր դիտարկվել որպես աշխատանքի թերացում, եւ պարոն Սարգսյանին դրա համար կարող էին հեռացնել աշխատանքից։ Ինչեւէ, դա պարոն Սարգսյանի խնդիրն է։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշանակման օրվանից, յուրաքանչյուր առիթով հայտարարել է, որ մեզ համար կարեւոր է տեղեկատվության ազատ տարածումը։ Նույնիսկ մարզպետարանի կայքում հրապարակված՝ մարզպետի ուղերձում նշված է “Գերարագ զարգացող ժամանակակից աշխարհում անչափ կարևորվում է տեղեկատվության դերն ու նշանակությունը, առանց որի անհնար է նաև պատկերացնել պետական կառավարման համակարգի թափանցիկ գործունեությունը”։

Որեւէ հարցի պատասխան ստանալու նպատակով Տավուշի մարզպետարան կամ մարզպետ Հայկ Չոբանյանին դիմած որեւէ լրատվամիջոց, որեւէ լրագրող մերժում չի ստացել։ Ավելին, մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնավարման ընթացքում մի քանի տասնյակ հարցազրույցներով է հանդես եկել, որոշ դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։

Ավելին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ, մարզպետարանի լրատվական ոլորտի մասնագետները մի քանի անգամ քննարկումներ են ունեցել մարզի լրագրողների հետ, հորդորելով ավելի շատ տեղեկատվություն պեղել եւ տարածել։
Ավելին, մարզպետարանը, մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին, տարբեր առիթներով հնարավորություններ են ստեղծել, որպեսզի նոր մարդիկ հմտանան լրագրության ոլորտում, թեկուզ՝ քաղաքացիական լրագրության։ Դրանք եղել են տարբեր դասընթացներ կազմակերպելու կամ այլ կազակերպությունների կողմից հրավիրված վերապատրաստումներին մասնակցելու տեսքով։

Մեծ հույսեր ունենք, որ այս եւ նման գործողությունների արդյունքում Տավուշը շուտով կունենա պրոֆեսիոնալ լրագրության մեծ թվով ներկայացուցիչներ, կցկտուր, թեական, ավելի շատ հարցականներով լրագրության փոխարեն կունենանք փաստերի լրագրություն։

Ողջունում ենք ցանկացած քննադատություն՝ հիմնված փաստերի վրա։ Իսկ սուբյեկտիվ մտքի զեղումներին, կներեք, այսուհետ չենք անդրադառնալու։

Լրագրությունն անազնիվ լինել չի կարող։ Լրագրությունը չի կարող լինել կասկածների, ենթադրություների, բախտ նայելու, մի բուռ փոշու արժեք ունեցող սենսացիաների ոլորտից։

Վերահաստատում ենք թափանցիկ աշխատելու մեր պատրաստակամությունը։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքը խոշորացույցի տակ պահելու եւ համագործակցության համար։ Միաժամանակ հորդորում ենք հանդես գալ բացառապես պրոֆեսիոնալ դիրքերից՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ Տավուշի մարզի, հայկական մամուլի» ։

 

Հրապարակվել է։ 13:37 01/10/2019