Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը ծառայողական մեքենան օգտագործում է իր ընտանիքին տեղափոխելու համար

Մայիսի 11-ին Հաղարծին գյուղում  Աղստեւ գետից դուրս էին բերում  մայիսի 9-ին իր <<ՎԱԶ-21015> ավտոմեքենայով գետն ընկած Դիլիջանի Թախտա թաղամասի 41-ամյա բնակիչ Ժիրայր Աղաջանյանի  ավտոմեքեանան, որի մեջ վարորդի դին էր։ Այդ ժամանակ գյուղով ձգվող միջպետական  ճանապարհը կարճ ժամանակ փակվեց՝ ելնելով վերամբարձ կռունկի, քարշակի, ինչպես նաև տեղում քննիչի կողմից դեպքի վայրի զննություն կատարելու անվտանգությունից ։ Դա  դուր չեկավ Տավուշի  մարզպետ Հայկ Չոբանյանին , ով  իր ծառայողական  Toyota մակնիշի 045 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով Իջեւան էր  տեղափոխում  իր կնոջը եւ աղջկան։ Ի դեպ , մարզպետն ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտին կապելու։ Ղեկի մոտ նստած մարզպետը  զայրացած, որ ճանապարհը փակ է, ճանապարհը հսկող  ոստիկանության կապիտանի վրա մուննաթ գալով՝ նրանից պահանջում էր մոտենալ իրեն, սակայն հետո տեսնելով, որ իրեն տեսագրում են, թողեց,հեռացավ։ Նախկինում գրել էինք, որ Տավուշի մարզպետի կինը՝ Արմինե Թումանյանը Իջեւանում գնումներ կատարելու համար օգտվում է  ամուսնու ծառայողական ավտոմեքենայից, բայց մարզպետը ժխտել էր դա։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում 2 տարի առաջ հեղափոխություն  արեց, որ  ժողովրդի իշխանություն հաստատվի, պաշտոնյաները պետական ռեսուրսները չօգտագործեն իրենց ընտանիքի համար, սակայն  Նիկոլ Փաշինյանի նշանակած մարզպետն է վարվում նախկին իշխանավորների նման։

Հրապարակվել է։ 08:39 20/05/2020