Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը հանիրավի քննադատել է գյուղերի վարչական ղեկավարներին


Վերջերս Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղ այցելության ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  Տավուշի մարզային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է  գյուղերի վարչական ղեկավարներին։ Մարզպետն ասել է, որ գուցե սխալ է ընտրվել այդ պաշտոնի անվանումը՝ վարչական ղեկավար, այդ մարդիկ զբաղվում են վարչարարությամբ, բայց իրենց խնդիրը տնտեսական ղեկավարումն  է եւ կարող ուժերի համախմբումը, ծրագրերի համատեղ իրականացումը՝ մի խոսքով կոոպերացիան, սակայն ինքը դա  նկատի չունի միայն կոոպերատիվների տեսքով, համագործակցությունը ներսի եւ դրսի կարող ուժերի հետ։ Մարզպետը հայտարարել է, որ իրենք  իրավունք չունեն գյուղացուն  մենակ թողնել իր խնդիրների հետ եւ պետք է նրա կողքին լինեն բերք աճեցնելուց մինչեւ այդ բերքի իրացումը։ Նոյեմբերյան խոշորացված համայնքը  ձեւավորվեց 2016թ․ սեպտեմբերին, այդ ժամանակից  մինչ այժմ  գյուղերի վարչական ղեկավարների աշխատավարձը կազմում է  150 հազար դրամ, որը համարժեք չէ նրանց կատարած մեծ  աշխատանքին։ Տավուշի մարզպետն ասել է, թե գյուղերի վարչական ղեկավարները զբաղվում են վարչարարությամբ, իրականում  Տավուշի մարզի գյուղերի վարչական ղեկավարները վարչարարությունից զատ  զբաղված են   գյուղերի  խմելու եւ ոռոգման ջրի, ճանապարհների բարեկարգման,  աղբահանության եւ այլ խնդիրների լուծմամբ, գյուղերում տարբեր  տնտեսական  ծրագրեր իրականացնելու համար  ներդնողների հետ կապեր հաստատելով ,  մարդասիրական  տարբեր ծրագրեր իրականացնելու համար  դոնորներին դիմելով։

Հրապարակվել է։ 11:03 01/07/2020