Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

168.am.«Կանգառը ժողովրդինն է, բայց մի առևտրական դուրս է եկել ամբողջ ժողովրդի դեմ». Նոյեմբերյանցիներն ահազանգում են

168.am-ը գրել է․« Նոյեմբերյանցիներն ահազանգում են՝ իրենցից  խլել են ավտոկայանը, իսկ հատկացված սպասասրահը մի քանի քառակուսի է, որը ժողովուրդն անվանում է «ճագարաբուն»։

«Կանգառը ժողովրդինն է, իսկ հիմա մի առևտրական դուրս է եկել ամբողջ ժողովրդի դեմ: Մեր տեղեկություններով՝  տարածքը 100 տարով վարձակալել է: Կանգառը չենք կարողանում օգտագործել, և վերջերս, բողոքից հետո մի փոքրիկ տեղ են տվել:

Այդ կանգառից տրանսպորտն ամեն տեղ է գնում. Երևան, Կիրովական, Իջևան և այլն: Բայց հիմա ժողովուրդը դրսում է՝ հղի կանայք, երեխաները… մարդիկ տրանսպորտի սպասելու տեղ չունեն,  հատկացվել է շատ փոքր տարածք: Կանգառում եթե մոտ 30 հոգի լինեն, չեն կարող մտնել  իրենց տրված տարածքը, մինչև տրանսպորտը գա:  Հիմա տարածքը հագուստի խանութի է վերածվում»,- 168.am-ին հայտնեցին Նոյեմբերյանի բնակիչները:

Կապ հաստատեցինք Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ է կանգառի համար նախատեսված տարածքը վերածվել խանութի: «Դա համայնքի բալանսում չէ, առանձին է, համայնքի հետ կապ չունի: Պայմանագիր և այլն, առանձին, Հայավտոկայարան ՓԲԸ-ի բալանսում է, համայնքների հետ կապ չունի: Հարցը մենք բարձրացրել ենք, բայց մեր իրավասության ներքո չէ»,- պատասխանեց համայնքի ղեկավարը:

«Հայավտոկայարան» ՓԲԸ փոխտնօրեն Արծրուն Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տարածքն անորոշ ժամկետով  տվել են վարձակալության, ոչ թե 100 տարով:

«Ինչ վերաբերում է ավտոկայանին, նախ՝ այն որպես ենթակառուցվածք՝ չի գործում, որովհետև այնտեղ ավտոկայարանային ծառայություններ չեն մատուցում, ոչ մի ուղևորափոխադրող Հայավտոկայարան ՓԲԸ-ի հետ չունի ծառայությունների մատուցման պայմանագիր: Հայավտոկայարան ՓԲԸ -ն  ավտոկայարանային ծառայություն մատուցում է ուղևորափոխադրողներին, այն դեպքում, երբ իրենք ունենում են կնքած պայմանագիր՝ Հայավտոկայարան ՓԲԸ-ի հետ: Նոյեմբերյանի ավտոկայանի հետ կապված՝ ոչ ոք չունի նման պայմանագիր, ավելին, ամենագլխավոր՝ Երևան-Նոյեմբերյան գիծը չի գործում: Ով որ ժամանակին շահել է տենդերը, հրաժարվել է, քանի որ գիծը չի արդարացրել իրեն, շահույթ չի ապահովել: Սակայն, քանի որ բազմաթիվ բողոքներ եղան, հաշվի առնելով բնակիչների կարծիքը, հարգելով Նոյեմբերյանի բնակիչներին, մենք ամեն վարձակալից մի փոքր հատված վերցրել ենք: Միջնամասում հենց հիմա կատարվում են վերանորոգման աշխատանքներ, որ  սպասասրահը գործի: Եվ, քանի որ մենք շահույթ հետապնդող ընկերություն ենք, մնացած մասը տվել ենք վարձակալության»,- մանրամասնեց  Արծրուն Գևորգյանը:

Անդրադառնալով բնակիչների դժգոհությանը, որ կանգառում եթե մոտ 30 հոգի լինեն, չեն կարող մտնել  իրենց տրված տարածքը, քանի որ փոքր է, Հայավտոկայարան ՓԲԸ փոխտնօրենը նկատեց.

«Ըստ ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի՝  ավտոկայանը պետք է ունենա մինչև 75 հոգու համար նախատեսված  սպասարահ, իսկ  ավտոկայարանը պետք է ունենա 75 և ավելի: Քանի որ Նոյեմբերյանինը ավտոկայան է, մենք  ապահովում ենք մինչև 75  հոգու համար նախատեսված սպասասրահ: Իրենց ասած թվերին եթե նայենք, տարածքը եթե ոչ մեկի վարձակալության չտանք էլ, իրականում չի բավականացնի, որովհետև ինքն իրենով արդեն փոքր է»:

 

Հրապարակվել է։ 05:38 03/10/2019