Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ջուջեւանցի անասնապահի որդին, ով ծառին հայերեն փորագրել է իր անունը, դարձել է Ադրբեջանի փոխվարչապետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 22-ին  Շահին Մուստաֆաեւին նշանակել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ: Վերջինս նախկինում   Ադրբեջանի  տնտեսական զարգացման, հետո՝ էկոնոմիկայի  նախարարն էր:

Շահին Մուստաֆաեւը ծնվել է 1965թ Նոյեմբերյան քաղաքի հարեւանությամբ գտնվող Ջուջեւան գյուղում։ Այդ դպրոցի ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը եւ իր ընկերները մանկության տարիներին շատ են խաղացել Ջուջեւանի ադրբեջանցի միակ ընտանիքի զավակի՝ Շահին Մուստաֆաեւի հետ: Նրան այդ ժամանակ Շահեն էին կոչում: Նա ուսում է ստացել  Ջուջեւանի ութամյա, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եւ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում(2 տարի է սովորել)։ Ընդ որում՝ նա Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտել է  գերազանցությամբ: Հայաստանում  ստացած գիտելիքները նա  օգտագործում է Ադրբեջանի տնտեսության զարգացման համար: 


Եղիշե Պետրոսյանը Նոյեմբերյանի Կարմիրգյուղ սարում լուսանկարել է 1979 թվականին Շահին Մուստաֆաեւի կողմից ծառի բնին կատարած փորագրությունը: 14-ամյա պատանին, ապագա փոխվարչապետն  իր անունը  ծառին փորագրել է հայերեն տառերով եւ հայկական ձեւով՝ «Շահեն»:

 

Ջուջեւանի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության  բազմավաստակ  ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանը պատմում է , որ մի առավոտ   Շահենը դասի է գնացել աչքերը շատ կարմրած։ Ա Ալեքսանյանը նրան հարցրել  է դրա պատճառը։ Վերջինս ասել  է «Ընկեր  Անուշ, ողջ գիշեր չեմ քնել, կարդացել եմ Ստեփան Զորյանի «Հայոց բերդը» , քանի որ իմ դասաընկերները դա արդեն  կարդացել էին»։

Հրապարակվել է։ 14:08 22/10/2019