Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

hetq.am . «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը ոսկե մեդալ ստացողների ցանկում ներառել է իր անունը»

hetq.am-ը գրել է «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի   մի շարք աշխատակիցներ դժգոհում են համալսարանի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի գործունեությունից։ «Հետքի» հետ զրույցում աշխատակիցները, որոնք ցանկացել են անանուն մնալ հնարավոր անախորժություններից խուսափելու համար, պատմել են, որ Անուշավան Մակարյանն իր կարիքների համար է օգտագործում համալսարանին ամրակցված ծառայողական մեքենան։

Ըստ աշխատակիցների՝ Մակարյանն ինքնուրույն որոշել էր նաև, որ իր անունը պետք է ներառվի ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ոսկե մեդալով պարգևատրվողների ցանկում։ Աշխատակիցներից մեկի խոսքով՝ ոսկե մեդալ ստանալու չորս թեկնածուի անուն արդեն իսկ ներկայացրել էին համալսարանի գիտքարտուղարին, սակայն Մակարյանը,. տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո, փոխել է ցուցակը՝ դրանում ներառելով նաև իր անունը։ Արդյունքում՝ սեպտեմբերի 26-ին ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստին Մակարյանը ստացել է ոսկե մեդալ։

Համալսարանի աշխատակիցները պատմեցին նաև, որ Մակարյանը, հանդիսանալով համալսարանի տնօրենի պաշտոնակատար, դասավանդում է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում, աշխատում է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում՝ որպես ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի պետ։

Հետքն» օրեր առաջ գրավոր հարցում է ուղարկել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ դրույքով է աշխատում Մակարյանը կենտրոնում, ինչպե՞ս է աշխատանքի հաճախում, եթե հանդիսանում է համալսարանի տնօրենի պաշտոնակատար։ Հիմնադրամից պարզաբանեցին, որ Մակարյանը սեպտեմբերի 1-ից ազատվել է բաժնի պետի պաշտոնից, սակայն համակարգում է ոստիկանության կրթահամալիրի հավատարմագրման գործընթացը։ Այդ աշխատանքի համար նրա հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր։ Մեր ուղարկած հարցումից հետո հիմնադրամը նաև իր պաշտոնական կայքից հեռացրեց Անուշավան Մակարյանի անունը, որտեղ նա հանդես էր գալիս որպես ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի պետ։  Այնինչ, հիմնադրամի պաշտոնական կայքի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակված հաղորդագրությունում ևս Մակարյանը ներկայացվում է որպես ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի պետ։

Աշխատակիցների բողոքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զրույցել ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ։ Նշենք, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է օգոստոսի 31-ից։

Նա հերքեց, որ համալսարանի ծառայողական մեքենան իր կարիքների համար է օգտագործում։ Դիտարկմանը, որ Երևանում դասավանդելու համար այդ մեքենայով է գալիս համալսարան, նշեց «Հա, բայց ես գալիս եմ աշխատանքի, գիտխորհրդի, ռեկտորատի նիստի։ Եթե դա իմ կարիքների համար է, ապա, այո։ Ես ի պաշտոնե ռեկտորատի անդամ եմ, գիտխորհրդի անդամ եմ։ 

-Այսինքն՝ մեքնան Ձեզ մո՞տ է միշտ:

-Ոչ, ինձ մոտ չի միշտ, էնտեղ կանգնած է լինում, բայց Երևան գալուց, այո, գալիս եմ այդ մեքենայով,- ասաց նա։

Ինչպես արդեն նշեցինք՝ Անուշավան Մակարյանի՝ համալսարանի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո որոշվել էր, որ նա ևս պետք է ստանա համալսարանի հիմնադրման 100-ամյակի ոսկե մեդալ«Ես այդ համալսարանի հիմնադիրներից եմ։ Եղել եմ առաջին պրոռեկտորը և բավականաչափ մեծ ներդրում ունեմ այնտեղ։ Մենք քննարկել ենք որոշակի խմբով, և առաջարկել են։ Համենայն դեպս, ես քիչ արժանի չէի այդ գործին»,- նշեց տնօրենի պաշտոնակատարը։

Ըստ Անուշավան Մակարյանի պարզաբանման՝ «որոշակի խմբի հետ քննարկմանը» ներառված է եղել համալսարանի ղեկավար անձնակազմը։ «Իրենք ասել են, որ ճիշտ կլինի, որ ես էլ լինեմ, էլի։ Չպետք է ավելորդ համեստություն անել, ես, իհարկե, չէի նախատեսում»։ Հարցին՝ ինչու նրանք մինչ այդ չէին որոշել իր անունը ևս ներառել ոսկե մեդալ ստացողների ցուցակում, Մակարյանն առաջարկեց այդ մասին հարցնել այդ ժամանակվա ղեկավարությանը»։

 

Lուսանկարում Անուշավան Մակարյանն է

Հրապարակվել է։ 09:06 12/10/2019