Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գյուղացիները համայնքապետին մեղադրում են հողերի վարձակալության կեղծ մրցույթներ կազմակերպելու մեջ

2018թ․ հունվարի 15-ին կայացած Լուսաձոր համայնքի  ավագանու  նիստին ներկա ավագանու 4 անդամները  որոշել են համաձայնություն տալ Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող  ջրովի 16․38138 հեկտար վարելահողը տարեկան 819 հազար 69 դրամ վարձավճարով եւ անջրդի 4, 30956 հեկտար վարելահողը  172 հազար 400 դրամ վարձավճարով,  5 տարի ժամկետով, մրցութային կարգով տրամադրելու մասին Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդար Սարդարյանի առաջարկությանը։ Նույն նիստի օրակարգի 2-րդ կետով որոշվել է հաստատել վարձակալության մեկնարկային գինը եւ հավելաճի քայլը, 3-րդ կետով ավագանին համայնքի ղեկավարին պատվիրել է ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախատեսել համապատասխան փաստաթղթերը՝ այն կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Լուսաձոր համայնքի բնակիչները  հայտնեցին, որ մինչ  ավագանու 2018թհունվարի 15-ի նիստը  ավելի քան 16 եւ 4 հեկտար  հիշյալ վարելահողերը համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը վարձակալությամբ տվել է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին, 2017թվականի աշնանը այդ  վարելահողերում ցանվել է աշնանացան ցորեն, առվույտ եւ կորնգան, ցանված ցորենի բերքը հիմնադրամի կողմից 2018թ․ ամռանը բաժանվել է Լուսաձորի բնակիչներին։ Փաստորեն , տեղի է ունեցել  հողերի վարձակալության կեղծ մրցույթ։  Նշենք, որ համայնքի ղեկավար Վարդան Սարդրայանը նախկինում ձեւական աճուրդներ է կազմակերպել։ Վերջերս տարածվեց ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, ուր նշված է, որ  ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձևական աճուրդներ և տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել է ձևական աճուրդի 7 դրվագ։ Վաճառված հողատարածքների գումարը ընդհանուր 1 միլիոն 700 հազար դրամից ավելի է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն։

Հրապարակվել է։ 07:19 05/03/2020