Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

1in.am. «Իջևանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը՝ կռվախնձոր. մարզպետը դիմել է դատախազություն»

         1in.am-ը գրել է«Հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Բայց մասնակիցներից մեկը՝ հաստատության տնօրենի պաշտոնակատար, նույն պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանը, բոյկոտել ու քննական սենյակից դուրս է եկել մրցույթը սկսվելուց ընդամենը րոպեներ անց:

Գրավոր փուլի ժամանակ նա հայտնաբերել է, որ թեստում ընդգրկված առաջադրանքների ճնշող մեծամասնությունը դուրս է այն հարցերի շրջանակից, որոնք, համաձայն կարգի, նախապես տրամադրվել են իրեն՝ որպես թեկնածուի, մրցույթին պատրաստվելու համար: Այսինքն՝ թեստում ներառված հարցերը, ըստ Մարգարյանի, պետք է ընտրված լինեին բացառապես տվյալ հարցաշարից:  Հիշեցնենք, որ Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենի հաստիքը թափուր մնաց այն բանից հետո, երբ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը իր նշանակումից անմիջապես հետո, Իջևանի ԲԿ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանին աշխատանքից ազատեց։ Մենք արդեն իսկ գրել էինք, որ մարզպետը իր նշանակումից մի քանի օր անց աշխատանքից ազատել էր «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանին, որը ԲԿ-ի տնօրեն է նշանակվել ՀՀ Տավուշի մարզպետի որոշումով՝ 2016թմրցույթում հաղթելու արդյունքում։ Նրա հետ կնքվել էր 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ին պատմել էր, որ մարզպետը նշանակվելուց հետո իրեն հրավիրել է խոսելու, կոշտ զրույց էին ունեցել, որից հետո էմոցիոնալ ֆոնի վրա ազատման դիմում էր գրել, ապա փոշմանել ու դիմել է դատարան՝ վիճարկելով ազատման հրամանը։

Հիմա էլ նոր մրցույթում առաջադրված թեկնածուն է բարձրաձայնել խախտումների և ընտրողական մոտեցման մասին։ Նա, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բացատրելով մրցույթը լքելու պատճառը, նշել է, որ իրեն և իր մրցակցին՝ Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի նախկին պետ Էդուարդ Գրիգորյանին, որը Տավուշի մարզպետի համագյուղացին է, տարբեր թեստեր են բաժանվել։ Գրիգորյանի հարցաշարում նախապես ծանոթ հարցեր են եղել, իսկ իր թեստի հարցերը, բացի սկզբի հարցերից, իրեն անծանոթ են եղել, որը, ըստ նրա, միտումնավոր է արվել։ «Նա իրենց ընտրած մարդն է՝ մարզպետի համագյուղացին, որին պիտի անցկացնեին: Այդ խոսակցությունները վաղուց կային: Նույնիսկ նախկին ռեժիմի ժամանակ նման ձևի անբարոյական վերաբերմունք ցույց չէին տալիս, ես երեք անգամ այդ մրցույթներին մասնակցել եմ: Գոնե ձևական արդարության մրցույթի սկզբունքը պահպանում էին: Հետո այնպես էին անում, մյուս մասնակիցն էլ էր անցնում երկրորդ փուլ, երկուսով-երեքով հաղթում էինք, մարզպետը ինքն էր որոշում՝ այդ դեպքում ում նշանակի տնօրեն: Բայց այս ձևով անելը, ես չգիտեմ՝ սրանք առյուծի սի՞րտ են կերել՝ կարգը խախտելով, անօրինական քայլերի դիմելով: Մեղքը գցում են այն կնոջ վրա, որը մեզ հարցաշարերը տվել է՝ պարապելու»,- ՀԺ-ին ասել է Իջևանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանը։

«Առաջին լրատվականը» ստեղծված խնդրի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։

արոն Չոբանյան, նախ ամիսներ առաջ Իջևանի արդեն նախկին տնօրեն Ռուզաննա Գրիգորյանն էր դժգոհում, որ Դուք իրեն անհիմն աշխատանքից հեռացրել էիք, իսկ հիմա ներկայիս պաշտոնակատարն է բողոքում, որ նոր մրցույթը խախտումներով է եղել, և ընտրողական մոտեցում է ցուցաբերվել, քանի որ Դուք ձեր թեկնածուն ունեք Իջևանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար։

-Այդ հայտարարությունների մեջ ոչ մի հիմք չկա։ Ավելին, երեկ առավոտյան մենք հրավիրել էինք այդ թեկնածուին, որը Իջևանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, ես եմ նրան նշանակել, և ինքը տեղում հայտարարեց, որ ինքը այդքան էլ այդպես չի ասել, իր ասածները աղավաղվել են, ինքը ինձ նկատի չի ունեցել և այլն։ Ինքը, ըստ էության, բողոքում է մի բանից, որը երեկ առավոտյան հերքել է մեզ մոտ։ Մենք այդ բոլոր մեղադրանքները հերյուրանք ենք համարում, զրպարտություն։ Ավելին, մենք սահմանված կարգով այդ հրապարակումը ուղարկել ենք մարզային դատախազություն, որպեսզի դատախազը սահմանված կարգով ընթացք տա և ուսումնասիրի բարձրաձայնված բոլոր հանգամանքները, որպեսզի իրավական առումով որոշվի այդ զրպարտությունը։ Մենք պայքարելու ենք, որ մարդիկ համապատասխան պատասխանատվության ենթարկվեն իրենց զրպարտության համար։ Առհասարակ, մի տեսակ բարձիթողի վիճակ է ստեղծվել, և շատ մարդիկ, առանց պատասխանատվության գիտակցման, հայտարարություններ են անում՝ մարդկանց հեղինակության վրա բիծ գցելով։ Նման հայտարարություններն առանց պատժի չեն անցնելու, և մենք հետայսու նման հայտարարությունները անհետևանք չենք թողնելու։ Մարդիկ պետք է ավելի կառուցողական լինեն։

Այսինքն՝ Ձեզ համար միևնո՞ւյն է, թե Իջևանի ԲԿ–ի տնօրենը ով կլինի։ Ըստ տնօրենի ԺՊ–ի՝ Դուք ցանկանում եք Ձեր համագյուղացուն դարձնել տնօրեն։

-Ամբողջը զրպարտանք է։ Մրցույթը հայտարարվել է, դիմել են ցանկացողները, տվյալ դեպքում ինքը և երկրորդ թեկնածուն, որը նախկինում եղել է Բերդի հոսպիտալի տնօրենը, և սահմանված կարգով մենք հնարավորություն ենք տվել իրենց մասնակցել մրցույթին։ Որևէ դիտավորյալ գործընթաց, կողմնապահություն, տարբեր հարցաթերթիկներ և այլն չի եղել։ Այդ բոլորը զրպարտություն է, և ինքն էլ երեկ հաստատեց, որ նման բան չի եղել։ Ինքն էլ երեկ հայտարարեց, որ ինքը չի կարծում, որ կադրերի բաժնի պետը որևէ դիտավորություն է արել։ Իսկ եթե դիտավորություն չկա, ապա իր բողոքը ո՞րն է։ Սա զրպարտանք է, կրկնում եմ։ Դրա համար էլ հիմա խնդրով զբաղվում են իրավապահները, և ամեն ինչ հստակեցվելուց հետո մենք կդիմենք դատարան այդ պարոնին զրպարտության համար պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Պարոն Չոբանյան, Դուք երբևէ չեք արձագանքել նաև նախկին տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի ազատման խնդրին և նրա հնչեցրած մեղադրանքներին ձեր հասցեին։ Կնշե՞ք, որն էր արդեն Գրիգորյանին ազատելու պատճառը։

-Ռուզաննա Գրիգորյանը բուժհաստատությունը ղեկավարում էր բավական երկար ժամանակ։ Իմ նշանակումից հետո ես իրեն կանչել եմ, ասել եմ, որ ցանկություն ունեմ իր հետ աշխատելու։ Ասել եմ, որ իր վերաբերյալ որոշակի տեղեկություններ կան, բայց ես չեմ ցանկանում դրանց հետ հաշվի նստել, և մեր համատեղ աշխատանքի սկզբունքը պետք է լինի անկեղծ, փոխադարձ վստահության աշխատանքը, և իր վարքագիծը ԲԿ-ում պետք է ևս հիմնված լինի մարդկային հարաբերությունների և այդ ամեն ինչի վրա։ Ես իրեն ասել եմ, որ ինքը իր վարքագծով պետք է ապացուցի, որ այդ ասեկոսեները իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ եթե ինքը շեղվի էթիկայի և իրավական նորմերից, պարզապես պետք է դիմում գրի և հեռանա։ Դրանից մի քանի օր հետո դեպք եղավ, երբ արհմիությունը դիմել էր իրեն դահլիճում ժողով անցկացնելու համար, սակայն Գրիգորյանը մակագրել էր, թե գնացեք դրսում ժողով արեք։ Մեզ դրա վերաբերյալ բողոք եկավ, և դա ինձ համար անընդունելի էր։ Ինչպես կարելի էր նման պատասխան տալ։ Ես իրեն հրավիրեցի, զրուցեցինք երկար, ներկայացրի իմ աշխատանքային սկզբունքները, և ինքը մեր խոսակցության արդյունքում դիմում գրեց, եղավ ազատման որոշումը, որը ինքը բողոքարկել է։ Հիմա դատական պրոցես է գնում, թե ինչպես կավարտվի այդ պրոցեսը, դեռ հայտնի չէ։

Իսկ ինչո՞ւ չսպասեցիք մինչև դատարանի որոշումը, նոր մրցույթ հայտարարեիք։

-Մեր իրավաբանների կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը չկար։

Իսկ եթե դատարանը բավարարի Ռուզաննա Գրիգորյանի պահանջը, ինչպե՞ս է լինելու։ Մի կողմից կլինի մրցույթում հաղթած թեկնածու, մյուս կողմից՝ նախկին տնօրենի պահանջը կբավարարվի։

-Եթե դատարանը բավարարի Գրիգորյանի պահանջը, ապա նա պետք է վերականգնվի։ Բայց ամեն ինչից զատ, ներկայումս իմ միակ շահագրգռվածությունն այն է, որ հաղթի լավագույնը, որը համապատասխան կլինի Իջևանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնին։

ԲԿ-ն մեր տարածաշրջանի թիվ մեկ բժշկական հաստատությունն է և ինձ համար մեծ նշանակություն ունի։ Դրա համար էլ Ռուզաննա Գրիգորյանի ազատումից հետո մի քանի ամիս մենք չէին կարողանում գտնել ուժեղ թեկնածուի և վերջապես ընտրեցինք պարոն Մարգարյանին։ Ցավոք սրտի, այս օրերի նրա վարքագիծը անհասկանալի և վիրավորական է ինձ համար։ Հիմա տեսնենք, թե ինչպես կավարտվի այս ամենը։ Բնականաբար, որևէ դիտավորություն, որևէ շահագրգռվածություն ես չունեմ և չէի կարող ունենալ։ Ես դա ապացուցել եմ իմ վարքագծով։ Ես իմ վարքագծով ցույց եմ տվել, թե որոնք են այն սկզբունքները, որով ես ղեկավարում եմ մարզը։ Իմ սկզբունքները անդրդվելի են և թույլ չեմ տալու, որ որևէ մեկը սպեկուլյացիաներ անի դրա վրա։ Բոլորը պետք է առաջնորդվեն օրինականության, բարոյականության և արդարության սկզբունքներով»։

Հրապարակվել է։ 15:01 04/10/2019