Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թուֆենկյանի հյուրանոցի շինարարությունը հիմքից չի բարձրացել

Դիլիջան քաղաքի կենտրոնում  տարիներ առաջ  Ջեյմս Թուֆենկյանի կողմից սկսվել եւ այդպես էլ կիսատ է մնացել բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Թուֆենկյանը «Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրի վերականգնման համար ներդրել է 2.4 միլիոն դոլար: Նա  նշված համալիրի տարածքում սկսել է հյուրանոցի կառուցումը, սակայն հյուրատան շինարարությունը հիմքերից վեր չի բարձրացել: Հիմքերից ցցված մետաղյա ամրանները  դիլիջանյան խոնավությունից արդեն ժանգոտել են: Բացի այդ` հյուրանոցի վերեւի մասում կառուցված ցանկապատը խանգարում է քաղաքի կենտրոնական` Մյասնիկյան փողոցի երթեւեկությանը: Նախկինում մի քանի անգամ այդ հյուրանոցի շինարարության վերսկսման ժամկետներ են նշվել, սակայն դրանք իրականություն չեն դարձել:  2020թ փետրվարի 7-ին Երեւանում, Տավուշի մարզպետ Հայկ  Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ Դիլիջանի  քաղաքապետարանի «Դիլիջան»   թերթի խմբագիր  Ալբերտ  Սիմոնյանը հայտարարեց, որ Ջեյմս Թուֆենկյանը մեծ գործ է կատարել Դիլիջանի պատմաճարտարապետական կոթողները փրկելու գործում,  դիլիջանցիները դրա համար նրան երախտապարտ են , սակայն քաղաքի կենտրոնում արդեն 15 տարի ձգվում է  100մ երկարությամբ ցանկապատ, հյուրանոցի շինարարությունը վաղուց սառեցված է ,ճիշտ կլինի, որ  Թուֆենկյանը վերսկսի հյուրանոցի շինարարությունը կամ վաճառի, վարձակալությամբ հանձնի այն։ Տավուշի մարզպետն ասաց, որ այդ խնդրով ինքը հանդիպել է Ջեյմս Թուֆենկյանի հետ, դրանից առաջ  այդ հարցով հանդիպում է ունեցել   այդ ընկերության տնօրենի հետ, եւ բոլորի մոտեցումը նույնն է՝  այդ տարածքն այդպես չի կարող մնալ։ Մարզպետի խոսքերով՝ սակայն դա մասնավոր ներդրում է, որը կախված  է այն հաշվարկներից, որոնք կատարվել են շուկայի ուսումնասիրությունների արդյունքում։ Հ Չոբանյանն ասաց, որ անցյալ տարի Դիլիջանում զբոսաշրջության ավելի  քան 30 տոկոս աճ է եղել։ Սա կարող է պատճառ դառնալ, որ Ջեյմս  Թուֆենկյանը եւ Դիլիջանում տուրիստական ենթակուցվածքներ  կառուցելու մտադրություն ունեցող այլ ներդրողները, Դիլիջանում  կառուցեն այդ ենթակառուցվածքները։ Մարզպետը նշեց, որ ինքը համոզված չէ, սակայն հույս ունի, որ 2020թվականին կվերսկվեն վերոհիշյալ հյուրանոցի շինարարական  աշխատանքները։

Հրապարակվել է։ 07:20 27/02/2020