Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Կատարված գործեր եւ ծրագրեր` խոշորացված Այրում համայնքում

Կատարված գործեր եւ ծրագրեր` խոշորացված Այրում համայնքում

Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը մեզ հայտնեց, որ Այրումի պահածոների գործարանի սեփականատեր «Արտֆուդ» ընկերությունը համայնքին ունեցած հողի հարկի եւ գույքահարկի պարտքը՝ շուրջ 1 միլիոն 300 հազար դրամ, արդեն վճարել է: Համայնքի ղեկավարի վկայությամբ՝ օրերս սեփական եկամուտների եւս 5 միլիոն դրամ մուտքագրում է կատարվել, ինչը կավելացնի համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, որը մինչ այդ կազմում էր 90 տոկոս:

Խոշորացված Այրումի համայնքապետարանը գործում է շենքային սուղ պայմաններում, երկհարկանի այդ շենքում տեղակայված է նաեւ Այրում քաղաքի երաժշտական դպրոցը եւ մանկապարտեզը: Ծրագիր կա քաղաքի մուտքում գտնվող կիսակառույց շենքի շինարարությունն ավարտին հասցնել: Ա. Պարանյանը հայտնեց, որ այդ շենքում կտեղավորվի համայնքապետարանը, կլինի նիստերի դահլիճ, որը հնարավորություն կտա համայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակում իրականացնել, այնտեղ կգործի բիզնես կենտրոն, սուպերմարկետ, հանդիսությունների սրահ, բանկոմատ, հյուրանոցային համարներ, նաեւ՝ մատչելի գնով բնակարաններ կտրվեն սոցիալապես անապահով ընտանիքների համար եւ այլն:

Այրումի համայնքապետարանն այդ շենքի վերաբերյալ ծրագրի հայտ է ներկայացրել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, Եվրամիությունը կիսավարտ շենքը գործարկելու նպատակով գումարը տրամադրելու է Հայաստանի կառավարությանը: Այրում համայնքը 2000 քառակուսի մետր մակերեսով տարածքի կառուցապատման համար հատկացվելիք ավելի քան 200 միլիոն դրամը 10 տարում պետք է վերադարձնի:

Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ լուծվել է Այրումի համար ամենակարեւոր՝ գերեզմանատան հարցը: Այրումում թաղումների համար այլեւս տարածք չկար: Վերջերս Այրումի «Խեչի ձոր» տեղանքի աղբավայրը մաքրվել, աղբանոցը հողով ծածկվել է, տարածքում սփռված ցելոֆանները հավաքվել: Տարածքը ցանկապատվել, ծառատունկ է արվել: Բարեկարգված տարածքի մոտ` գերեզմանատուն կլինի:

Այրում քաղաքը եւ տարածաշրջանի 7 գյուղերը միավորող Այրում համայնքին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը տրամադրելու է 350 միլիոն դրամ` 15 անուն գյուղատնտեսական եւ շինարարական տեխնիկա ձեռքբերելու համար: Կարեւոր է եգիպտացորենի հատիկահան տեխնիկայի ձեռքբերումը: Ձեռք է բերվելու աղբատար մեքենա, սելավատարները մաքրող տեխնիկա եւ այլն: Գյուղատնտեսական եւ շինարարական տեխնիկայի ձեռքբերման ծրագրում համայնքը 2.5 տոկոսի չափով դրամական ներդրում է կատարել: Այդ տեխնիկան կտեղակայվի Պտղավանի գյուղի նախկին շուկայի ծածկի ներքո:

Գյուղտեխնիկան մատչելի գներով գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կիրականացնի: Ձեռք է բերվելու նաեւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 2 հատ, 17 տեղանոց միկրոավտոբուս,որոնց միջոցով կապահովի Այրում քաղաքի տրանսպորտային կապը խոշորացված Այրում համայնքի կազմում ընդգրկված գյուղերի եւ Նոյեմբերյան քաղաքի հետ: Այրում համայնքում իրականացվելիք ծրագրերի շնորհիվ այդտեղ տասնյակ աշխատատեղեր կստեղծվեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


https://aravot.am

Հրապարակվել է։ 23:00 06/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.