Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում տարածքները աճուրդով վաճառելու մասին


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վերջերս հանրապետական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Տավուշի մարզի քաղաքներում տրված  հողային տարածքներին` ասել է, որ դրանք աճուրդներով ծախվել են  նախկին եւ ներկա քաղաղաքապետերի կողմից, նրանց  մասնակցությամբ, այդ առումով վիճակն առավել  վատ է Իջեւանում, ուր զբոսայգիների տարածքները աճուրդով տրվել են մետր առ մետր,  ազատ տարածքներ չեն մնացել։ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրի այդ մասին։ Նա ասաց, որ համայնքի հողատարածքնեըը տրամադրվում են ոչ թե  համայնքի ղեկավարի, այլ ՝ ավագանու որոշմամբ, այդ որոշումների  կատարումը համայնքի ղեկավարի  պարտադիր լիազորությունն  է։  Վ․ Ղալումյանը հայտնեց, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով  սահմանված է, որ կանաչապատ տարածքները, զբոսայգիները  չեն կարող աճուրդային կարգով   վաճառվել ,  դրանք կարող են վարձակալությամբ  տրվել  մրցույթային կարգով:  Քաղաքապետն ասաց, որ  քաղաքներում սրճարանները հիմնականում գործում են  զբոսայգիներում, եթե սրճարանի շուրջ կանաչ տարածք չկա, սրճարանի  տերն է  դրա  շուրջ կանաչապատում ։  Վ․  Ղալումյանը հայտնեց, որ Իջեւան քաղաքում 2  զբոսայգի կա, դրանցից մեկը՝ խորհրդային տարիների  մեծ, այժմ չգործող  կարուսելի՝ «սատանայի անիվի»  շրջակայքը, որն  ավելի քան 10 տարի առաջ, վարձակալությամբ  տրվել  է ,ուր հիմա հարթեցում  է  կատարվում, որպեսզի այդտեղ   հանգստի եւ հասարակական   սպասարկման գոտի ձեւավորվի։ Մյուսը  քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգին է, որի 2,1 հեկտար տարածքից մրցութային կարգով տրվել  է  մեկ երրորդը՝ 0,7 հեկտարը։ Այդքանը   Իջեւանի նախկին եւ գործող  քաղաքապետերի օրոք վարձակալությամբ տրվել  է, որպեսզի այդտեղ սրճարաններ գործեն։  Այսինքն՝  խոսք չի կարող լինել  Իջեւանի զբոսայգիները մետր առ  մետր աճուրդով հատկացնել ու մասին։ Վերոհիշյալ հարցազրույցում մարզպետը  նշել է, որր Տավուշի մարզի քաղաքապետերը  հողերը աճուրդով   տրամադրելով ՝ հանցավոր սպեկուլյացիաների մեջ են,  հողերն  էժան ծախվում  են, հետո՝  հարյուրապատիկ  թանկ վերավաճառվում։ Վ․ Ղալումյանին հարցրի՝ ինքը նման սպեկուլյացիաների մե՞ջ է։ Նա ասաց՝ ոչ, ես հողերի սպեկուլյացիաների մեջ չեմ։  Նա հայտնեց, որ,  հողերն աճուրդով կամ մրցութային կարգով տրամադրելու մասին հայտարարությունները հրապարակվում  են «Հայաստանի Հանրապետություն » օրաթերթում, դրանց մասնակցում  է,ով  կամենում է, իր պաշտոնավարման օրոք երբեւէ  բողոք չի եղել, որ  մեկը ցանկացել է մասնակցել մրցույթին եւ նրան դա  թույլ  չի տրվել,   կամ՝ հողերն աճուրդով  կամ՝ մրցութային կարգով տրվել են ոչ հրապարակային կարգով,  կամ՝ այդ գործընթացում խախտվել են օրենքի պահանջները։ Քաղաքապետը հայտնեց,որ հողատարածքների  տրամադրումը  նպատակ ունի զարգացնել մանր ու միջին գործարարությունը, դրանով նպաստել  նաեւ  համայնքի հարկային եկամուտների աճին։

Հրապարակվել է։ 21:27 03/04/2019