Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Երաշտ ձմռանը


Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում՝ Կոթիում, Ոսկեվանում, Բաղանիսում երաշտ է։ Սովորաբար երաշտը լինում է ամռանը, սակայն  հիմա  ձմռան ընթացքում  է երաշտ։ Գյուղերը սնուցող շատ աղբյուրներ ցամաքել են,  խիստ վատացել է խմելու ջրի մատակարարման գործը։ Ոսկեվանի բնակիչներից շատերը  մոտ 8 կմ ճանապարհ անցնելով, ավտոմեքենաներով   իրենց   կարիքների համար խմելու ջուր են կրում Ոսկեպար գյուղից ներքեւ գտնվող  աղբյուրից։ Ոսկեվանի մի բնակիչ իր իր մարդատար ավտոմեքենայում ջրի մեկ տոննա տարողությամբ բաք է տեղադրել, Ոսկեպարի նշված աղբյուրից ջուր է կրում եւ համագյուղացիներին 1 տոննա ջուրը վաճառում  3 հազար դրամով։ Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գյուղի շրջակա աղբյուրները ցամաքել են, Բաղանիսի բնակիչները խմելու ջուր են ստանում չորս օրը մեկ անգամ։ Նարեկ Սահակյանն ասաց, որ 4 օրվա ընթացքում խմելու ջրամբարում կուտակվում է  30 տոննա ջուր, որը  տրվում է  սահմանամերձ գյուղի բնակիչներին։ Ն Սահակյանի վկայությամբ ՝ այս ձմռանը ընդամենը  մեկ անգամ է ձյուն տեղացել, որը  մի քանի ժամից  հետո հալվել է։ Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ Բաղանիսում անցյալ տարվա աշնանը 8 հեկտար գարի են ցանել, ինքը վերջերս տեսել է, որ այդ գարին  ընդհանրապես  չի ծլել։  Նա  հայտնեց, որ իրենք  արտեզյան հոր բացելու համար դիմել են  « Հայաստան» համահայկական հիմնադրամին, մասնագետներ են եկել , երկրաբանական հետախուզություն կատարել   եւ գյուղի հարավային ծայրին  արտեզյան հոր փորելու համար  ստորգետնա ջուր են հայտնաբերել։ Այդ ջուրը  պետք է լաբորատոր հետազոտության ենթարկվի, պարզելու համար՝ այն պիտա՞նի է բնակիչների խմելու համար։

Հրապարակվել է։ 06:41 28/02/2020