Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ձերբակալվել է Արծվաբերդի անտառտնտեսության 3 անտառապետ

Ձերբակալվել է Արծվաբերդի անտառտնտեսության 3 անտառապետ

Մեզ հայտնի է դարձել, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին ձերբակալվել են Արծվաբերդի անտառտնտեսության 3 անտառապետ: Նրանց անունները մեզ հայտնի են: Նրանց երեկ տեղափոխել են Երեւան:

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խմբով՝ նախնական համաձայնությամբ կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց:

Հաղորդագրության մեջ նշված է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են 4 անձինք, այդ թվում` «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներն ու ՀՀ ԲՆ նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյան:

Այսօր մենք դիմեցինք ՀՀ հատուկ քննչական ծառայություն, հարցնելով՝ թե ձերբակալվածների թվում «Արծվաբերդի անտառտնտեսության» 3 անտառապետերը կա՞ն, քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է նրանց մեղադրանք առաջադրվել: Մեզ պատասխանեցին, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ բացի այսօր տարածած տեղեկատվությունից, այլ մանրամասներ չեն կարող հրապարակել:

Բերդի տարածաշրջանի մեր աղբյուրները հայտնեցին, որ տարածաշրջանի անտառներում ապօրինի հատումները վաղուց են տեղի ունենում, այժմ միջին մասշտաբի պաշտոնյաներին՝ անտառապետերին ձերբակալելը նպատակ ունի «Արծվաբերդի անտառտնտեսությունը» «Հայանտառից» բնապահպանության նախարարությանը հանձնելուց առաջ, նախկինում կատարված մեծամասշտաբ հատումների համար մեղավորներ ներկայացնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 


https://aravot.am

Հրապարակվել է։ 17:00 05/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.