Բերդի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://www.berdcity.am, հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ընդունեց ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչներին:
Ամերիկահայ
հյուրերին ուղեկցում էին «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային կենտրոնի
հիմնադիր, Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, Բերդի
և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:
Համայնքի ղեկավարը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունը հայտնեց` Բերդ
համայնքում նրանց ջանքերով արդեն իրականացված և իրականացվելիք բոլոր ծրագրերի,
ազգանվեր գործունեության համար:
Կազմակերպության ներկայացուցիչները կարևորեցին համայնքի ղեկավարի հետ հանդիպումը՝ նաև սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին առավել հանգամանորեն ծանոթանալու առումով:
«Տավուշ այցելության նպատակն առաջին հերթին ծանոթանալն է մեր կազմակերպության կողմից իրականացված ծրագերի ընթացքին: Վերադառնալով ԱՄՆ՝ մեր ոգևորությունը կփոխանցենք կազմակերպության ներկայացուցիչներին, որպեսզի շարունակեն աջակցել սահմանամերձ բնակավայրերին»,-նշեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ սպարապետ Սթիվ Ադամսը(Ստեփան Աթամյան):
Կազմակերպության նախկին ավագ սպարապետ Սթիվ Քրաջյանն իրականացված ծրագրերից առանձնացրեց հատկապես «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային կենտրոնի կառուցումը՝ Տիգրան Սահակյանի ընտանիքի և «Մամիկոնյան» դահլիճի հովանավորությամբ, Այգեպարի դպրոցում իրականացված ծրագրերը. «Սահմանին ապրող մարդիկ մեր հերոսներն են: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի նպաստենք նրանց կյանքի բարելավմանը»:
Ֆրեզնոյի գրասենյակի նախկին տիրուհի Սալբի Ադամսն էլ նշեց, որ առաջին անգամ է այցելել համայնք և տպավորված է. «Մարդիկ այստեղ կյանքով լեցուն են: Երեխաների աչքերում սեր կա: Դա մեզ համար չափազանց կարևոր է: Դա մեր սրտերը ջերմացնում է»:
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Այգեպարում: Համայնքում վերջին կանգառը «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային կենտրոնն էր, որտեղ նրանց ողջունեցին Վերին Կարմիրաղբյուրի մշակույթի տան սաները:
Հրապարակվել է։ 12:05 19/09/2019