Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Զորամասից հափշտակել է


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  ընթանում է   մարզում տեղակայված ՀՀ  ՊՆ զորամասերից մեկի  բարձրաստիճան սպաների դատավարությունը։ Հրաչ Խանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ նոյեմբերի 29-ից մինչեւ 2018 թ դեկտեմբերի 18-ը հանդիսանալով  նշված զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, 2018թ փետրվար-մարտ ամիսներին <<Սինխրոն>> ՍՊԸ-ից վերանորոգումից հետո ստացել է զորամասի կաթսայատան երկու հատ 3Կ-Չ տեսակի պոմպ եւ երեք հատ 15 կիլովատանոց շարժիչ եւ պարտավոր լինելով դրանք տեղափոխել զորամաս եւ տեղադրել կաթսայատանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, յուրացրել է իրեն վստահված ընդհանուր 708 հազար 480 դրամ արժողությամբ երկու պոմպը եւ  երեք էլեկտրական շարժիչը։ Կարեն Սարգսյանը մեղադրվում է այն  բանի համար, որ 2018թ սեպտեմբերի 28-ից մինչեւ 2019թ օգոստոսի 9-ը հանդիսանալով նշված զորամասի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության պետ, խմբակային շահերից ելնելով՝ շինանյութերը  ստանալու համար Հրաչ Խանոյանի եւ Արամ Ղազարյանի կողմից վերցված լիազորագրերով ստանձնած գործարքները կատարած համարելու նպատակով Հ Խանոյանի կողմից ներկայացված թիվ 45 կեղծ ելքի ապրանքագիրը հաստատել է իր ստորագրությամբ։ Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտավոր լինելով  պահեստից համապատասխան ապրանքագրով նյութական միջոցներ հատկացնել միայն դրանք ստանալու համար զորամասերից  լիազորված եւ ապրանքագրերում որպես ստացող նշված անձանց, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գագիկ Գուլինյանը մեղադրվում է  այն բանում, որ հանդիսանալով նշված զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստի պետ, թույլատրել է առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման զորամասի պահեստից դուրս բերել զինվորական մահճակալների մետաղյա անկյունակներ։ Արթուր Գիշյանը մեղադրվում է այն բանում, որ  հանդիսանալով զորամասի ֆինանսական ծառայության պետ, կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մուտքի օրդերներ՝ իր ստորագրությամբ հաստատել է կազմված կեղծ  մուտքի   օրդերները։ Սարգիս Տարախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով նշված զորամասի հրամանատար, պարտավոր լինելով զինծառայողների կողմից կամ  նրանց մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունների մասին զեկուցել ըստ վերադասության, դրսեւորել է անգործություն՝ չի հայտնել իրավապահ մարմիններին։ Նորայր Խոյլունցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով զորամասի հրամանատարի տեղակալ, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, առանց ուսումնասիրելու ստորագրության համար իրեն ներկայացված հետին ամսաթվով կազմված կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 40 մուտքի օրդերն իր ստորագրությամբ հաստատել է։ Արա Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով զորամասի բաժանմունքի պետ, շտաբի պետի տեղակալ, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ։ Սեյրան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Հրաչ  Խանոյանին հափշտակելու  785 հազար 664 դրամ արժողությամբ տախտակ։

Հրապարակվել է։ 15:48 19/05/2020