Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանում չարաշահումների բացահայտման մասին

ՀՀ ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանի մարզահամալիրի վերանորոգման և շինաշխատանքների ընթացքում չարաշահումների բացահայտման և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2007-ից 2012 թվականներին Նոյեմբերյան քաղաքի մարզահամալիրի վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն իրականացրել են համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Դրանց շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2007-ից 2012 թվականներին ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Նոյեմբերյանի մարզահամալիրի երկու փուլով կատարված վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում կապալառու կազմակերպության կողմից սահմանված կարգով չեն իրականացվել մարզադաշտի նախագծով սահմանված բազալտե խճի և ավազե ենթաշերտերը, ինչպես և դրանից բխող կատարողական ակտով սահմանված այլ շինարարական աշխատանքներ։ Արդյունքում` կապալառու կազմակերպության կողմից յուրացման միջոցով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4 միլիոն դրամ, որի վերջնական չափերը կպարզվեն շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննությամբ։

Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Հրապարակվել է։ 09:05 08/10/2019