+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նախկին համայնքապետն արդարացվել է, սակայն դատախազությունը դիմել է վերաքնննիչ դատարան


Աչաջուր համայնքի  նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանին մեղադրանք  է առաջադրվել  այն բանի համար, որ  նա 2013թ․ դեկտեմբերի 17-ից  հանդիսանալով  Տավուշ ի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարը՝  2013-2015թթ․  ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Սերմերի գործակալություն»  ՊՈԱԿ-ից  ստացված  եւ Աչաջուր  համայնքի բնակիչներին տրամադրված առաջին  վերարտադրության  սերմացուի դիմաց  համայնքապետարանի աշխատակիցների կողմից  հավաքագրված  եւ  իր վստահությյանը հանձնված գումարի մի մասը՝ 5 միլիոն 939 հազար ՀՀ դրամ գումարը յուրացրել  է։  Ըստ առաջադրված  մեղադրանքի՝ այնուհետեւ նպատակ ունենալով  թաքցնել  իր կողմից  գումարը յուրացնելու մեղադրանքը, շահադիտական նպատակով, նա  համայնքի ղեկավարի տեղակալ  Նիկոլ Վարդումյանին  2017թ․ հոկտեմբերի 3-ին դրդել է  համայնքապետարանի աշխատակիցներից  մեկի կողմից կազմված՝  2012-2016թթ․ Տավուշի մարզի հողօգտագործողներին հատկացված  սերմացուների պարտքերի վ երաբերյալ՝ շահառուների անուններով, կեղծ տեղեկություններ պարունակող  պաշտոնեական փաստաթուղթ  հանդիսացող տեղեկանքը  Տավուշի մարզպետին ուղարկելու միջոցով հանձնելուն։  Կ․ Ղալթախչյանին  մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի   179 հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով եւ 38-314 հոդվածի 1-ին մասով։ Կ․ Ղալթախչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։   Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը համարել  է, որ «Սերմերի գործակալություն»   ՊՈԱԿ-ի կողմից մարզպետարաններին  բաշխված ցորենի սերմացուի փոխարժեք գումարը  չվճարելու կապակցությամբ քաղաքացիաիրավական  վեճ  է առաջացել այդ ՊՈԱԿ-ի եւ Տավուշի մարզպետարանի միջեւ, ինչը լուծում  է ստացել  եւ  դրանով վնասի հատուցման գործընթացն ավարտվել  է։  Իսկ Աչաջուր համայնքի ղեկավարը նշված ՊՈԱԿ-ի եւ  Տավուշի մարզպետարանի միջեւ սերմացուի բաշխման  կապակցությամբ կնքված պայմանագրերի  կողմ  չի հանդիսացել,որեւէ  պարտավորություն  չի կրել, իրավական պատասխանատվություն  որեւէ ձեւով  չի ստանձնել  ցորենի սերմացուի փոխարժեքը  բնակչությունից  հավաքագրելու եւ համապատասխան հաշվեհամարին  մուտքագրելու առումով,   հետեւաբար ակնհայտ անհիմն է Կ․ Ղալթախչյանին այնպիսի արարք մեղսագրելը, ինչպիսին  է պետական գույքի յուրացումը։ 2020թ․ հունիսի 19-ին  Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը  վճռել  է  առաջադրված մեղադրանքներում  Կ․ Ղալթախչյանին ճանաչել  անմեղ եւ արդարացնել,  նրա նկատմամբ  ընտրված խափանման միջոցը վերացնել, Տավուշի մարզի  դատախազության  կողմից ներկայացված քաղաքացիական հայցը  թողնել  առանց քննության։ Դատախազ  Վասիլ Սարգսյանը վերաքննիչ բողոք է  ներկայացրել  այդ վճռի դեմ, վերաքննիչ դատարանին  խնդրելով  բեկանել  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, Կ․ Ղալթախչյանին մեղավոր ճանաչել  նրան առաջադրված հոդվածներում, ՀՀ քրեական օրենսգրքի  179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի սանկցիայով  նրան  դատապարտել  7 տարի ժամկետով ազատազրկման, 38-314 հոդվածի  1-ին  մասով՝  2 տարի ժամկետով ազատազրկման , ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածով  վերջնական պատիժ սահմանել  8 տարի ժամկետով ազատազրկումը։ Սույն գործով  վերաքննիչ դատարանում  նիստ է նշանակված  սեպտեմբերի 7-ին։

Հրապարակվել է։ 10:14 13/08/2020