Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իտալական «Սուարդի» ընկերությունը ասֆալտի ծածկի քերվածքը ապօրինաբար, թանկ վաճառում է բնակիչներին

Տավուշի մարզի խոշորացված Այրում համայնքի մաս կազմող Բագրատաշեն գյուղի բնակիչները  հայտնեցին, որ իրենք  այդ տարածաշրջանում ճանապարհաշինական  աշխատանքներ կատարող իտալական «Սուարդի» ընկերության կողմից ասֆալտի հին ծածկի քերվածքը բավական թանկ գնով  գնում են։ Մեկ  բեռնատարի տեղափոխած քերվածքը բնակիչները գնում են 50 հազար դրամով։  Սեպտեմբերի 5-ին Տավուշի մարզպետարանն իր ինտերնետային կայքում հայտարարություն է տարածել, որ Տավուշի մարզի տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ժամանակ ասֆալտաբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներից գոյացած նյութը տրամադրվում  է մարզի համայնքներին, այդ քերվածքով համայնքներում իրականացվում են  ճանապարհների եւ փողոցների բարեկարգման աշխատանքներր։ Այդ հայտարարության մեջ կոչ է արվել մարզի  համայնքներին, որոնք ունեն ասֆալտբետոնե ծածկի քերվածքի կարիք, դիմեն մարզպետարան, որպեսզի այդ նյութը տրամադրվի տվյալ համայնքներին։ Այրումի համայնքապետարանից տեղեկացանք,որ այդ համայնքի տարածքով ձգվող միջպետական  ավտոճանապարհը նորոգող իտալական «Սուարդի»  ընկերության տրամադրած ասֆալտի հին ծածկի  քերվածքով Այրում քաղաքում մեկ, Բագրատաշեն գյուղում  համայնքային նշանակության 2 փողոց է նորոգվել։ Բացի այդ, Այրում քաղաքի մի խումբ  բնակիչներ գումար հանգանակելով՝ «Սուարդի»  ընկերությունից ասֆալտբետոնե ծածկի քերվածք են գնել եւ իրենց շենքի բակը նորոգել։  «Սուարդի»  ընկերության կողմից ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներից գոյացած նյութը բավական անորակ է, այն բնակիչներին վաճառվում է  առանց որեւէ փաստաթղթի, անօրինական կարգով, սակայն հարկային տեսչությունը չի նկատում կամ չի ուզում նկատել այդ բացահայտ ապօրինությունը։ «Սուարդի»   ընկերությունը ներկայումս  միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ է կատարում 4 հատվածներում՝ Նոյեմբերյան քաղաքում, Ոսկեպար գյուղում, Մ6 ավտոճանապարհին, Ալավերդի քաղաքում։ Այս տարվա սեպտեմբերի 20-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղում,  միջպետական ավտոճանապարհին ճանապարհաշինական աշխատանքներ կատարող «Սուարդի»   ընկերության Ոսկեպարի շինհրապարակի ղեկավար Ֆրեդերիկո Դուցիոնիին հարցրինք  այդ ընկերության կողմից Այրում քաղաքի վարչական տարածքում ընկերության  զբաղեցրած տարածքից ապրինաբար քանդված հողե ծածկի, այդ ծածկի փոփոխության, գետնից հանված խիճն ու քարը  իրենց կողմից  կատարված ճանապարհների շինարարության մեջ ապօրինաբար օգտագործելու մասին։ Իտալացին հայտնեց, որ իրենք Այրում քաղաքում ապօրինաբար  քար ու խիճ արդյունահանելով՝ սխալ են գործել, որի պատճառով  տուգանվել են 5 միլիոն դրամով։

Հրապարակվել է։ 07:09 10/10/2019