Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աչաջուր գյուղում նախկին պատգամավորի ազգականների վրա հարձակման գործով կալանավորվել է զինծառայող


Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին հաուզ» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ N զորամասի զինծառայող Ս. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) նախատեսված հանցանքներ առերեւույթ կատարելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ս.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է:


Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել՝ Վ.Ք.-ին, Ս.Ք.-ին եւ Յու.Ք.-ին քրեական գործով տուժող ճանաչելու մասին, եւ վերջիններս հարցաքննվել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչ Է.Է.-ն եւ քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով եւս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ մոտ 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, որը զուգորդվել է այնտեղ գտնվող Վ.Ք.-ի, Ս.Ք.-ի եւ Յու.Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով եւ մարմնական վնասվածքներ պատճառելով, գույքը վնասելով, սպանության եւ գույքը ոչնչացնելու սպառնալիքով, ինչպես նաեւ՝ զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ մենահատ կրակոց արձակելով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

Հրապարակվել է։ 15:13 12/05/2020