Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պատմություն առարկայի անտեսված դերի և կրթության խնդիրների մասին


Համալսարանական առաջին օրերն էր , հարգելի դասախոսներից մեկը խոսեց պատմության կիրառական նշանակության , այն է <<պատմությունից դասեր վերցնելու>> մասին , սակայն վերհիշելով ուսումնառության 4 տարիները ՝ նույն հարցը տվեցի ինձ . <<որոնք էին այդ դասերը>> , 2 տասնյակից ավել մասնագիտական առարկաներ և ընդամենը 2-3 յուրացրած <<դաս>> . տարօրինա՞կ է, չէ :
Պատմությունը շատերի համար պատկերվում է որպես թիվ և փաստ , որը հիշելու համար բացառիկ ընդունակություններ են պետք , հիշելու պարագայում էլ այն մոռացվելու է մեկ , լավագույն դեպքում՝  երկու ամսից , դա իրողություն է , ժխտել պետք չէ : Նոր եմ հասկանում պատմության նշանակությունը , որ թիվ և փաստ չէ այն , այլ պատճառ և հետևանք , վերլուծություններ , տեսակետներ , իսկ թիվը և փաստը տեսակետ ապացուցելու կամ հերքելու համար է պետք , սակայն այդ պարզ ընկալումը բացակայում է շատերի մոտ :
Պատմությունը հարկավոր է մատուցել հայեցակարգերով , կարծում եմ համաշխարհային պատմության պարագայում դա դժվար է , սակայն անհնարին չէ : Անցնում են մասնագիտական առարկաներ խորհրդային տարիներին տպագրված դասագրքերով , հարգելիներս , այդ դասագրքերը ապրել են իրենց դարը , հարկավոր է դրանք փոխել և նորովի մատուցել պատմությունը :

Մեկ այլ ցավալի իրողություն , որին կցանկանայի անդրադառնալ , ուսանողը , եթե սովորում է գնահատականի համար , ապա ստացած գիտելիքը կյանքում պետք չի գալու , հարկավոր է վերցնել միայն այն գիտելիքները , որոնք կարելի է կիրառել , արդյունքի վերածել , դառնալ շուկայում պահանջված մասնագետ և ի վերջո կայանալ մասնագիտական առումով : Մեր կրթական համակարգը այդ հնարավորությունը չի տալիս , ուսանողը բուհում չունի այն ազատությունները , որով կարող է ինքնաիրացվել , կա պարտադրանք ուսանողի վրա . սովորել այսչափ նյութ և դրա համար ստանալ գնահատական : Սակայն գնահատվում են ուսանողի նյութը մտապահելու ունակությունները , սակայն բոլորը չէ , որ ունեն լավ հիշողություն , դա բնածին շնորհ է , մեկը կարող է 2-3 անգամից նյութը մտապահել , մյուսը 10-20-րդ փորձից : Անգիր անելով չէ , որ որոշվում է ուսանողի խելացի , մարդը կարող է լինել հանճար , սակայն դժվարանալ նյութը մտապահելու հարցում : Հիշողությունը հնարավոր չէ զարգացնել , իսկ վերլուծելու ունակությունները հնարավոր է : Հավատացե՛ք կրթությունը որակ չի տալու այնքան ժամանակ , քանի ուսանողը պահանջողի դերում չէ , իրեն պահանջատեր չի զգում , որակ չի տալու կրթությունը պարտադրանքի պայմաններում , այս պատճառով է , որ կրթական համակարգում ունենք, մեղմ ասած, այսպիսի տխուր իրավիճակ :

Ակնկալում եմ , որ կլինի ակտիվ քննարկում և նշած խնդիրների հրապարակայնացում :

 

Արազ Փիրումյան

Հրապարակվել է։ 18:18 23/03/2020