Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փաստաթղթերը չի ընդունում


Արեւիկ Բաղիրյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի  է։ Անցյալ տարի  նա ստացավ դպրոցի տնօրենների մրցույթին մասնակցելու իրավունք վերապահող  հավաստագիր,  դրանից հետո լարվեցին Զորականի դպրոցի երկարամյա  տնօրեն Սիլվա Խոջայանի եւ Արեւիկ Բաղիրյանի հարաբերությունները։  Սիլվա Խոջայանը հրաժարական տվեց դպրոցի տնօրենի պաշտոնից։ Արեւիկ Բաղիրյանը հայտնեց, որ 2020թ ապրիլի 14-ին նշանակված էր Զորականի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, սակայն այն չի կայացել  կորոնավիրուսի համավարակի հետեւանքով  հայտարարված արտակարգ դրության պատճառով։  Նա հայտնեց, որ  արդեն ստացվել է  ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շրջաբերականը՝  ուղղված հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որտեղ  նախարարը հայտնում է, որ անհրաժեշտ է սահմանված կարգով կազմակերպել հանրակրթական ուսումնական հաստատությունների եւ ուսուցիչների թափուր տեղերի համար անցկացվող մրցույթները՝  պատշաճ պահպանելով սանիտարահամաճարակային եւ անվտանգության կանոնները։ Ա Բաղիրյանը հայտնեց, որ  այդ շրջաբերականին իրազեկ  են նաեւ Տավուշի մարզպետարանում։  Հանրակրթական դպրոցների տնօրենների թափուր տեղերը զբաղեցնելու  անցկացվող մրցույթների մասնակիցները  մրցույթի օրվանից առնվազն 10 օր առաջ պետք է դպրոցի կառավարման խորհրդին հանձնեն մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը, իսկ մրցույթից առնվազն  3 օր առաջ՝ դպրոցի զարգացման ծրագիրը։ Ա Բաղրյանն ասաց, որ մայիսի 19-ին եւ 20-ին ինքը բազմաթիվ անգամ զանգահարել է Զորականի  միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, այդ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարինե Պողոսյանին, սակայն վերջինս պատճառաբանելով, որ ինքը  դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  կասեցված մրցույթները վերսկսելու  շրջաբերական  չի ստացել, հրաժարվում է ներկայանալ Զորականի դպրոց եւ ընդունել Ա Բաղիրյանի փաստաթղթերը եւ դպրոցի զարգացման  ծրագիրը։ Ա Բաղիրյանը հայտնեց, որ Մ Պողոսյանը  նախկին տնօրեն Սիլվա Խոջայանի քեռու հարսն է, նրա  դրկից, մտերիմ հարեւանը։ Հեռախոսազրույց ունեցանք Մ Պողոսյանի հետ։ Նա ասաց, որ ինքը  մրցույթի վերաբերյալ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն նամակ  նամակ է գրել, եւ սպասում է դրա պատասխանին։ Նրան ասացինք, որ ինքը  մրցույթի  հարցը կարող էր ճշտել Տավուշի մարզպետարանի կրթության  վարչությունից։ Մ Պողոսյանն ասաց, որ խնդրում է իրեն չանհանգստացնել, մինչեւ ինքը չստանա նախարարության պատասխանը։ Ա Բաղիրյանը հայտնեց, որ մրցույթի վերեբերյալ  Զորականի դպրոցի տնօրինության գործելակերպը, ընդունված  որոշումները թափանցիկ չեն, ինքը  չի ցանկանում դպրոցում  նոր լարվածություն առաջացնել, սակայն թույլ չի  տա, որ իր  իրավունքները ոտնահարեն։

Հրապարակվել է։ 07:40 21/05/2020