Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ուսուցչուհին մարզպետից պահանջում է իրավական գնահատական տալ, սակայն մարզպետը չի պատասխանում

 

2 ամիս առաջ  Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Լուսինե  Մանուկյանը փոստով դիմում-նամակ է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, սակայն պատասխան չի ստացել, ուսուցչուհին պահում է  փոստային  կտրոնը։ Նա նամակում  նշել է, որ 2019 թ  նոյեմբերի 4-ին իրենց  դպրոցի հայտարարությունների պատին փակցված փաստաթղթից   տեղեկացել է այն մասին, որ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանն  իր նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողություն՝ առանց  թուլտվության  աշխատանքային  ժամին   աշխատավայրը լքելու պատճառով,  մինչդեռ  աշխատանքից բացակայելը եղել է հարգելի այն  պատճառաբանությամբ, որ հիվանդ ծնողին  խնամելու նպատակով աշխատանքից վաղ հեռանալու  եւ Դիլիջան մեկնելու  թույլտվություն ինքը  ստացել է փոխտնօրենից, որովհետեւ տնօրենն ու ուսումնական աշխատանքի գծով տեղակալն այդ պահին դպրոցում չն եղել: 2019 թ նոյեմբերի 27-ին  տնօրենը Լ․ Մանուկյանի նկատմամբ կիրառել  է երկրորդ կարգապահական տույժը՝ խիստ նկատողություն  այն բանի համար, որ դպրոցի տնօրենի 2019 թվականի  նոյեմբերի 4-ի հրամանի վրա նա փակցրել է   ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ)։ Լ․ Մանուկյանը  տնօրենների վերոհիշյալ հրամանները վիճարկել է դատական կարգով, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Արման Կուրեխյանի 2020 թ մարտի 13-ի վճիռներով այդ հրամաններն անվավեր են ճանաչվել, այդ վճիռներն օրինական ուժի մեջ են մտել։ Ուսուցչուհին մարզպետին հայտնել է, որ իր  նկատմամբ կիրառված նկատողության քաղվածքի վրա ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ) փակցնելու վերաբերյալ դպրոցի տնօրեն Գ Թամամյանի կողմից գրավոր բացատրություն պահանջելու օրը՝ 2019թ․ նոյեմբերի 20-ին  Գ Թամամյանը  գտնվելիս է եղել անաշխատունակության մեջ, ինչը հիմնավորվում է  «Հաղարծինի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Ժամհարյանի կողմից տրված քաղվածքով այն մասին, որ Գ. Թամամյանը հիվանդության պատճառով 2019թ նոյեմբերի 18-26-ը  գտնվել է անաշխատունակության վիճակում։ Դպրոցի տնօրենը   աշխատանքային վեճը փորձել է լուծել նաեւ ոստիկանության ներգրավմամբ, 2019 թ. նոյեմբերի 14-ին Հաղարծինի  դպրոց էր այցելել Տավուշի մարզի ոստիկանապետը՝ մի խումբ ենթակաների հետ, որի ընթացքում ոստիկանության ծառայողները հանդիպում են ունեցել նաեւ դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ՝ անդրադառնալով դպրոցում արձանագրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործերին ու առկա աշխատանքային վեճին։ Ուսուցչուհին մարզպետին  դիմել է՝ հաշվի առնելով հանրակրթության բնագավառում  որպես լիազոր մարմնի ունեցած նրա լիազորությունները եւ  խնդրել քննարկման առարկա դարձնել   ներկայացված փաստաթղթերում առկա փաստերը ու իրավական գնահատական տալ  Հաղարծնի միջնակարգ դպրոցի  տնօրենի գործողություններին։

  «Տեսանկյուն»- Մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացնում է, թե ինչքան թափանցիկ է աշխատում, մշտապես պատասխանում  է իրեն առաջադրված հարցերին, սակայն  արդեն երկու ամիս չի պատասխանում Լ Մանուկյանի դիմում-նամակին։  Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում կա էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, սակայն այն վաղուց չի գործում։ 

Հրապարակվել է։ 10:51 20/08/2020