Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Նա տիեզերք էր՝ տիեզերքի մեջ». տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մարուսյա Սաղումյանի ծննդյան 100-ամյակին

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ Հոկտեմբերի 4-ին Բերդի ավագ դպրոցի, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան և Բերդի համայնքապետարանի համատեղ ուժերով կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված անվանի մանկավարժ Մարուսյա Սաղումյանի ծննդյան 100-ամյակին: Մարուսյա  Սաղումյանի աշակերտները, հարազատները, մանկավարժները ծաղիկներ խոնարհեցին վաստակաշատ ուսուցչուհու՝ Բերդի ավագ դպրոցի բակում գտնվող հուշարձանի մոտ: Այնուհետև Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված լուսահոգի Մարուսյա Սաղումյանի ծննդյան 100-ամյակին:

Ցերեկույթին ներկա էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Արկադի Յամուկյանը, Մարուսյա Սաղումյանի աշակերտները, հարազատները, մանկավարժներ, այլք:

Ներկաներին ողջունեց Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը. «Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ, հյուրեր, ներկաներ, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի անունից ողջունում եմ բոլորիդ այս գեղեցիկ, ինչ-որ առումով՝ պատմական միջոցառման առիթով: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպիչներին: Մարուսյա Սաղումյանը մեծ մանկավարժ էր: Իհարկե, նրան ոչ բոլորն են  անձամբ ճանաչել, սակայն  Մարուսյա Սաղումյանի մասին լեգենդներ են թևածում մեր ողջ շրջանում, և այդ լեգենդներով  շատ մարդիկ են դաստիարակվել, շտկել իրենց խոսքը, միտքը...  Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ նաև շնորհավորել բոլոր մանկավարժներին Ուսուցչի օրվա կապակցությամբ:  Դուք կատարում եք մի գործ, որը ժամանակի ընթացքում ստանում է նոր արժեք, նոր որակ: Շնորհավորում և լավագույնն եմ մաղթում ձեզ»:

«Ես չեմ ճանաչում Մարուսյա Սաղումյանին, սակայն ես ճանաչում եմ նրա աշակերտներին, որոնց ես եմ աշակերտել: Իմ ուսուցիչները փոխանցել են ինձ Մարուսյա Սաղումյանի մանկավարժական  մեթոդաբանությունը, նրա հոգու հարստությունը... Իր դերով, նաև իր հասարակական  գործունեությամբ Մարուսյա Սաղումյանը մեծություն էր:  Նա մի տիեզերք էր՝ տիեզերքի մեջ»,- նշեց Բերդի ավագ դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Թումանյանը:

Ելույթ ունեցան Մարուսյա Սաղումյանի աշակերտուհիներ, մանկավարժներ Ասյա Եղիազարյանը, Լուսյա Փալանդուզյանը, մանկավարժ Անահիտ Սարգսյանը, Մարուսյա Սաղումյանի եղբորորդի Ռաֆիկ Սաղումյանը, քրոջ դուստր Ռիմա Պողոսյանը, երաժիշտներ Սերժիկ Վարդազարյանը, Կարեն Մելիքյանը, Վարդան Թումանյանը:

Ցերեկույթն ամփոփվեց պարգևատրման արարողությամբ:

Պատվոգրով պարգևատրվեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը՝ Մարուսյա Սաղումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումը հովանավորելու համար:

Կազմակերպիչների՝ Բերդի համայնքապետարանի, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան և Բերդի ավագ դպրոցի կողմից պատվոգրով պարգևատրվեցին Մարուսյա Սաղումյանի այն աշակերտները, որոնք շարունակել են նրա մանկավարժական ավանդները՝ Լուսյա Փալանդուզյանը, Հրանուշ Վիրաբյանը, Լաուրա Աբգարյանը, Էլյա Թումանյանը, Արև Թումանյանը, Մարուսյա Հարությունյանը, Թերեզա Քոսակյանը, Ռիմա Ղազարյանը, Ասյա Եղիազարյանը, Սվետլանա Մաթևոսյանը, Աիդա Զաքարյանը, Տանյա Պապյանը, Ժենյա Մաթևոսյանը, Անահիտ Պապյանը, Լաուրա Մաթևոսյանը, Սվետլանա Ծատուրյանը, Ժաննա Սահակյանը, Ջուլիետա Ավագյանը, Մարիետա Գյոզալյանը, Հենրիկ Մելքումյանը, Լիվիշ Մկրտչյանը, Միշա Նավասարյանը, Նելսոն Միրզոյանը, Մարուսյա Սաղումյանի աշխատանքային ընկեր Միխեյիլ Մելիքբեկյանը, վաստակաշատ երաժիշտ Սերժիկ Վարդազարյանը, Վոլոդյա Բարխուդարյանը, Վաղարշ Վանեսյանը,  Կարեն Մելիքյանը, Սարգիս Մելիքյանը, Վարդան Թումանյանը, ինչպես նաև Բերդ համայնքի բոլոր ուսումնական հաստատությունների անձնակազմները:  

***

 «Բոլորի բարեկամը, բոլորի խորհրդատուն», «Լեռնաշխարհի դուստրը», «ժողովրդական ուսուցիչը» և այլ խորագրերով ու պատվանուններով է ներկայացվել ու բնութագրվել Մարուսյա Սաղումյանը Հայաստանում և ԽՄ ողջ տարածքում` «Կոմունիստ», «Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Учительская газета» և այլ թերթերում ու ամսագրերում:

Մարուսյա Սաղումյանի համահեղինակությամբ լույս են տեսել «Սովետական Հայաստանի 40 տարին», «Գեղատեսիլ Շամշադինի բարգավաճումը» գրքույկները:

 1957 թ.-ին նա արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման, իսկ 1960 թ.-ին նրան շնորհվել է Լենինի շքանշան:

«Պրավդա» թերթը նրա մասին գրել է. «Սաղումյանական մանկավարժական արվեստը՝ դասանյութի մատուցման իր մեթոդաբանական կատարելությամբ ու վիրտուոզ հղկվածությամբ, առ այսօր համաշխարհային մանկավարժության պրակտիկայում մնում է հանելուկային և չգերազանցված»:

 

 

 

Հրապարակվել է։ 06:56 07/10/2019