Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Էդվարդ Բեզոյանը նոր իշխանության օրոք էլ ճանապարհաշինական մեծ ծրագրեր է շահում

        Hetq.am-ում Դիանա Ղազարյանը գրել է« Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից մինչ Բաղանիս գյուղ տանող նոր շրջանցիկ ճանապարհ կկառուցվի։

Ճանապարհի կառուցումը կիրականացնի «Լինս» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի ընկերությունը։ Ճանապարհի կառուցման պայմանագիրն արդեն հրապարակված է գնումների հաշվետողվականության Armeps համակարգում։

Ոսկեպարից Բաղանիս տանող նոր շրջանցիկ ճանապարհի կառուցման համար Էդվարդ Բեզոյանին պատկանող «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիր է կնքել հուլիսի 8-ին։ Պայմանագրի արժեքը 248 միլիոն դրամ է։«Ճանապարհ»-ը ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող խոշոր ընկերություններից է։  «Լինս» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի «Ճանապարհ» ընկերությունը ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար Կառավարության հետ տարիներ շարունակ խոշոր պայմանագրեր է կնքել։ Միայն գնումների հաշվետվողականության Armeps համակարգում տեղադրված պայմանագրերի ընդհանուր հանրագումարով «Ճանապարհ» ընկերությունը 2016 թվականից մինչ օրս Կառավարությունից ստացել է 1 միլիարդ 571 միլիոն դրամ։ Դեռ նախորդ տարի անդրադարձել էինք այս ընկերության և Կառավարության 2016-2018 թվականի գործարքներին։ Գնումների պայմանագրերի ուսումնասիրությունից պարզել ենք, որ ընկերությունը միայն 2018 թվականին երեք ճանապարհ նորոգելու համար Կառավարությունից ստացել է 425 միլիոն դրամ։


Իսկ 2017 թվականին ընկերությունը նախարարությունից ստացել էր 777 միլիոն դրամ, որպեսզի հիմնանորոգեր Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, 2016 թվականին՝ 22,5 միլիոն դրամ ՝ Տաշիր քաղաքի Կրուպսկայայի անվան փողոցի 4 կամուրջների նորոգման համար, 99 միլիոն դրամ էլ՝ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Դիլիջանի թունելը պահպանելու համար։


Հիշեցնենք, որ Կառավարությունը մի քանի որոշումներով խոշոր գումարներ է հատկացրել միջպետական, հանրապետական ճանապարհների նորոգման համար։ Խոշոր հատկացումը եղել է մայիսի 30-ին։ Գործադիրն այդ որոշմամբ ճանապարհների հիմնանորոգման համար Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացրեց 3 միլիարդ 95 միլիոն դրամ։ Սակայն ճանապարհաշինության համար հատկացված գումարները փոխանցվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, քանի որ Կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ոլորտը փոխանցվել է այդ նախարարությանը» ։

Լուսանկարները՝ ընկերության պաշտոնական կայքից

«Տեսանկյուն»- Էդվարդ Բեզոյանի ընկերությունը «Լինսի»  հիմնադրամի ֆինանսավորմամբ, Ռոբերտ Քոչարյանի աչալուրջ  հայացքի  ներքո, ճանապահաշինական մեծ ծրագրեր է իրականացրել, հիմա էլ հեղափոխական իշխանության  հետ է ծրագրեր իրականացնում։  Բեզոյանի ընկերությունն  իրականացնում է  Դիլիջանի  թունելի պահպանությունը ։ Թունելի մեջ, ճանապարհի ծածկույթում մեծ փոսեր կային, թունելի էլեկտրական լուսավորության համակարգը  վերջերս է գործարկվել։ 


8 տարի առաջ՝ 2011թ մամուլը գրեց, որ Ավանի Աճառյան 1-ին նրբանցքի տներից մեկում հունիսի 1-ի գիշերը ժամը 04:35-ի սահմաններում  5 անձանց կողմից ավազակային հարձակում է տեղի ունեցել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրենի տան վրա: Այդ ժամանակ 29-ամյա Կարեն Բեզոյանը առավոտյան ժամը 06-ի սահմաններում ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ 5 դիմակավորված անձինք իրենց տան պատից ներս են ցատկել, որից հետո տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են լոգարանի պատուհանափեղկը, մուտք գործել բնակարան եւ զենքի սպառնալիքի տակ կապկպել տան բնակիչներ` թիվ 6 մսուր-մանկապարտեզի դաստիրակչուհի 54-ամյա Սերիկ Սողոյանին, «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանին, 24-ամյա Գեղանի Զուրաբյանին եւ 24-ամյա Մանե Սողոյանին: Ավազակները տանը գտնվել են մեկ ժամից ավելի եւ ծեծի ու նվաստացումների միջոցով պահանջել տան ոսկյա եւ արծաթյա թանկարժեք իրեր ու գումար: Բեզոյանը դիմադրել է եւ ասել, որ տանը հայտնաբերված ողջ ոսկեղենն ու գումարը արդեն տվել են եւ որեւէ սեյֆ չունեն: Երբ զինված հանցագործները շարունակել են ծեծը, Սենիկը ստիպված է եղել ցույց տալ սեյֆի տեղը: Հանցագործները չհրկիզվող պահարանը տեղադրել են տան բակում կայանված Բեզոյաններին պատկանող «Նիսսան Պատրոլ» մակնիշի 22 ՍՍ 221 համարանիշի մեքենայի բեռնախցիկում եւ հեռացել: Հանցագործներն պոկել եւ իրենց հետ տարել են նաեւ տան անվտանգության տեսախցիկների սերվերը: Առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում առեւանգված ավտոմեքենան ոստիկանները հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի 6/1 շենքի բակում: Մարմնական վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել հայր եւ որդի Բեզոյանները: Ընդհանուր առմամբ, Բեզոյանների տնից տարել են 180-ից 200 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա եւ արծաթյա զարդեր,  մոտ 60 հազար դոլար:


 


Հրապարակվել է։ 07:09 20/07/2019