Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքը(լուսանկարներ)

Հայ առաքելական եկեղեցու Տավ ուշի թեմը հայտնում է, որ հոկտեմբերի 18-ին   Դիլիջանում եռատոն էր կատարվեց Դիլիջանում կառուցվող եկեղեցու հիմնօրհնեքը, նշվեց Դիլիջանի անվանակոչության 475 - ամյակը և «Ավրորա ֆորումի» շրջանակներում նշվեց Դիլիջանի օրը:

Քաղաքի անվանակոչության տոնին դիլիջանցիներն ավելի մեծ նվեր չէին կարող ստանալ, քան եկեղեցու հիմնօրհնեքը։

Դիլիջանի սրտում գտնվող Սուրբ Աստվածածինը քանդվել էր 1935-36թթ-ին և ավելի քան 80 տարի քաղաքում եկեղեցի չկար։ 2010թ-ից Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի շնորհիվ եկեղեցուն տարածք է տրամադրվել, որտեղ կատարվում են բոլոր եկեղեցական արարողությունները։ Այս իրողությունը վկայակոչելով՝ Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանն իր խոսում շնորհակալություն հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին և թեմի հոգևոր սպասավորներին՝ քաղաքում եկեղեցու բացակայության պայմաններում բնակչության հոգևոր սպասավորության գործում ցուցաբերած հոգատարության համար։

«Այսօր Դիլիջան քաղաքի 475 - ամյակն է։ Չեմ կարող ասել՝ ինչ սկզբնավորությամբ ենք հաշվարկել 475 - ամյակը, բայց վստահաբար կարող ենք վկայել, որ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ զորավար - մտավորականը, հրավիրում էր աշխարհին ներկա գտնվելու այս դրախտավայրում, որտեղ մարդիկ մոռանում են մահվան մասին։ Եվ այսօր այս եկեղեցու հիմնարկեքով՝ Վեհափառ Հայրապետի ձեռքով քարերի օծումով, մենք վերստին վկայում ենք մահվան մասին մոռանալու մասին։ Այսօր հատկապես ուզում եմ ասել, որ սա ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ պատասխանն է ժամանակների մեջ գործված մեղքին, երբ մենք մեր ձեռքերով քանդեցինք այս քաղաքում աստվածային տները, գետնին հավասարեցրինք , վերածեցինք ամեն ինչի՝ բացի Աստծո ներկայության կարևորագույն հոգևիճակից։ Մենք այսօր դրա պատասխանն ենք տալիս՝ փորձելով նաև այս ճանապարհով սրբել բոլոր նրանց մեղքը, ովքեր իմանալով կամ չիմանալով գործեցին այդ քայլը»- նշեց Բագրատ Սրբազանն իր խոսքում։

Դիլիջանի եկեղեցաշինական ծրագրի իրականացման բարերարներն են Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը, Նուբար Աֆեյանը, Մաքսիմ Աթայանցը, Արմեն Կարապետյանը, Նորայր Թևանյանը:

Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց բարերարներին և իր հայրական օրհնությունն ու պատգամն ուղղեց ներկաներին,-«Մենք գոհունակությամբ ենք հաստատում, որ թեև պատմության հոլովույթներում մեզ պատուհասած փորձությունների ընթացքին Աստուծո և մեր հավատքի դեմ մարտնչողները քանդեցին եկեղեցիները, նրանք երբեք չկարողացան մեր ժողովրդին հեռացնել իր Աստծուց, իր սրբություններից, ազգային֊հոգևոր հիասքանչ ժառանգությունից, չկարողացան կործանել մեր ժողովրդի հավատքը։ Հավատացյալի համար Եկեղեցին միայն ճարտարապետական կոթող ու քարեղեն կառույց չէ, այլ՝ աստվածային ներկայության, երկնային շնորհների բաշխման, հոգիների մաքրման ու ապաքինման վայր, ժամանակավորի միջից հավիտենության առաջնորդող հաստատություն՝ հիմնված Քրիստոսի հաստատուն վեմի վրա»։

Հիմնօրհնեքի սրբազան արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, եկեղեցու բարերարները, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ավրորա» միջազգային ֆորումի մասնակիցները:

 

Հրապարակվել է։ 08:28 19/10/2019